Լիբանանի նախագահը՝ Թրամփին․իսրայելական զորքերի դուրսբերումն անհրաժեշտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն, Սպիտակ տուն, 21-ը հուլիսի, 2026թ․

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումն էական նշանակություն ունի կայունության ամրապնդման և Լիբանանի ինքնիշխանության համար, Reuters-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել են Աունի աշխատակազմից։

Թրամփի աշխատասենյակում առաջնորդները քննարկել են Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորմանը զինաթափելու և Լիբանանի տարածքներից Իսրայելի զինուժի դուրսբերումն ապահովելու ծրագրերը: Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ քննարկվել են Լիբանանի վերականգնմանը և վերակառուցմանը վերաբերող հարցեր։

«Սա մի երկիր է, որի հետ շատ վատ են վարվել, և մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նրա հետ վարվեն պատշաճ կերպով և արժանի հարգանքով, - հանդիպմանն ասել է նախագահ Թրամփը՝ ավելացնելով․ - Այստեղ «Հեզբոլա»-ի հետ կապված խնդիր կա»։

Իսրայելական ուժերի՝ Լիբանանի տարածքից հեռանալու հետ մեկտեղ Վաշինգտոնը նաև ակնկալում է, որ Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորումը կզինաթափվի:

Լիբանանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Աունը, բացի զորքերը դուրս բերելու համար Իսրայելի վրա ճնշում գործադրելու խնդրանքից, նախատեսում էր նաև Թրամփին «Հեզբոլա»-ը զինաթափելու վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի նախագահը Սպիտակ տանը Թրամփին կներկայացնի «Հեզբոլա»-ի զինաթափման ծրագիրը

Թրամփն իր հերթին ասել է, որ պատրաստ է խոսել «Հեզբոլա»-ի առաջնորդների հետ, եթե Աունը կարծում է՝ դա օգտակար կլինի։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Սիրիան կարող է դերակատարում ունենալ զինված շարժումը զինաթափելու գործում, թեև չի հստակեցրել, թե ինչպես։

TrurthSocial-ում գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իր վարչակազմին հրամայել է ամերիկյան ավիաընկերություններին արտոնել թռիչքներ իրականացնել դեպիԼիբանան։

«Հուսանք՝ այլ երկրներ նույնը կանեն դա», - գրել է Թրամփը։

Լիբանանի նախագահը Վաշինգտոն էր մեկնել Իտալիայում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Աունը «մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացնի Լիբանանում տիրող իրավիճակի և հրադադարի ամրապնդման ուղիների վերաբերյալ», հատկապես՝ Լիբանանի հարավում, ինչպես նաև «Իսրայելի կողմից զբաղեցրած լիբանանյան տարածքներից դուրս գալու» հարցի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի հետ

Թրամփ-Աուն հանդիպումից ժամեր առաջ հաղորդվեց, որ Լիբանանի բանակի առաջին ստորաբաժանումները սկսել են վերատեղակայվել երկրի հարավում։ Դա տեղի է ունեցել իսրայելական բանակի՝ Զաութար ալ-Ղարիբյե քաղաքից դուրսբերումից հետո։