ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ, քննարկել հունիսի 26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված շրջանակային համաձայնագրի իրականացումը, հայտնել է Պետդեպարտամենտը:
Սա Լիբանանի նախագահի առաջին այցն է Վաշինգտոն: 2009 թվականին Միշել Սլեյմանին Բարաք Օբաման էր ընդունել Վաշինգտոնում:
Լիբանանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Աունը երեքշաբթի օրը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Լիբանանի նախագահը Վաշինգտոն էր մեկնել Իտալիայում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Աունը «մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացնի Լիբանանում տիրող իրավիճակի և հրադադարի ամրապնդման ուղիների վերաբերյալ», հատկապես՝ Լիբանանի հարավում, ինչպես նաև «Իսրայելի կողմից զբաղեցրած լիբանանյան տարածքներից դուրս գալու» հարցի շուրջ:
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։