Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X սոցիալական ցանցում գրել է, որ ռազմական գերատեսչությունում արտակարգ խորհրդակցություն է անցկացվում այս գիշեր երկրի օդային տարածքի խախտման կապակցությամբ:
Բանակի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել նաև վարչապետ Դոնալդ Տուսկը:
Լեհական «Վեդոմոստի» հրատարակությունը գրել է, որ նախնական տվյալներով՝ խոսքը հրթիռի մասին է: Երկինք են բարձրացվել կործանիչներ:
Ըստ հիմնական վարկածի՝ երկրի օդային տարածքը ռուսական Х-101 թևավոր հրթիռ է խախտել:
Միջադեպը տեղի է ունեցել Լյուբլինի շրջանի Նովի Լիպովեց գյուղի մոտակայքում: Ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հաղորդել է, որ որոնողափրկարարական գործողություններ են իրականացվում ևս երկու վայրերում, որտեղ նույնպես կարող են ընկած լինել անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռների բեկորներ:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծի փոխանցմամբ՝ ավելի ուշ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ ևս մեկ հրթիռ ընկել է Պոդկարպատսկի շրջանի Ռուդնիկ-նադ-Սանոմ քաղաքից ոչ հեռու, Մոլդիչ բնակավայրի մոտ էլ, ամենայն հավանականությամբ, անօդաչու թռչող սարք է ընկել:
«Մենք գործ ունենք Ռուսաստանի կողմից հերթական սադրանքի հետ», - պնդել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դատապարտել է Լեհաստանի օդային տարածքի «լուրջ խախտումները»:
«ՆԱՏՕ-ի ինքնաթիռները օդ են բարձրացել ի պատասխան: Մենք համերաշխ ենք Լեհաստանի հետ և շարունակելու ենք ամրապնդել զսպելու և պաշտպանելու մեր կարողությունը: Այս միջադեպը հստակաբար վտանգավոր է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի հետևանք», - France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռյուտեն Տուսկի հետ զրույցից հետ:
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ երկրի արևմտյան շրջաններին: Վնասվել են տներ և արդյունաբերական ձեռնարկություններ, կան զոհեր և վիրավորներ: