Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական ձևաչափով նախարարական հերթական հանդիպումը՝ վեց երկրների մասնակցությամբ, տեղի կունենա մոտ ապագայում, այսօր Մոսկվայում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կհամաձայնեցնեն նախարարական հաջորդ հանդիպման ժամանակացույցը, և մենք կորոշենք, թե այն որտեղ կանցկացվի՝ Բաքվում, թե Երևանում», - ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները հենց տարածաշրջանի երկրների ուժերով լուծելու համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։
Լավրովը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին վերահաստատել էր այս մեխանիզմի պահանջված լինելը, իսկ հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել էր ձևաչափի բոլոր վեց մասնակից պետությունների փորձագետների հանդիպումը։
Շուշիում կայացած IV գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, թե Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը պետք է զարգանա որպես իրավահավասար վեցկողմ փոխգործակցության լիարժեք մեխանիզմ և չվերածվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կրկնությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կանցկացվի Երևանում կամ ԲաքվումՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը դեռևս անցյալ տարի լրատվամիջոցներին ասել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։ Մինչ օրս, սակայն, Երևանում կամ Բաքվում հարթակի հանդիպումն անցկացնելու մասին ստույգ տեղեկություն չկա։
Պաշտոնական Թբիլիսին պարբերաբար հայտարարում է, որ Վրաստանը չի մասնակցի այս ձևաչափով հանդիպումներին։ Մոսկվայից, սակայն, շարունակում են հայտարարել, թե «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են Վրաստանի համար։