Ռուբիո․ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար նոր գաղափարներ են անհրաժեշտ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը։

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ անդրադառնալով Ուկրաինայի հարցին, Լավրովը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է «Կիևի ռեժիմին հետագա զինելու անթույլատրելիությունը և եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը, որոնք շարունակում են ձգտել «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին»։

Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է հավատարիմ մնալ այն առաջարկներին, որոնք ամերիկյան կողմը ներկայացրել էր Անքորիջում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում, և որոնց ռուսական նախագահը տվել էր իր համաձայնությունը։

Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք է բերվել շարունակել արտաքին գործերի նախարարությունների միջև շփումները, այդ թվում՝ երկու երկրների միջազգային կազմակերպություններում մասնակցության միջոցով։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ X-ի իր էջում գրել է, որ Լավրովի հետ քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։

Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցություններում փակուղին հաղթահարելու համար «նոր գաղափարներ» են պետք. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել «նոր գաղափարներ», գրում է The Guardian-ը։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ մինչ այժմ առաջարկված տարբերակները «այն ժամանակ ընդունելի չէին Ուկրաինայի համար, և չեմ կարծում, որ այժմ էլ ընդունելի կլինեն նրանց համար, ավելին՝ հավանաբար, նույնիսկ ավելի քիչ ընդունելի կլինեն»։

«Եթե խաղաղություն հաստատվի, ապա դա կլինի նոր գաղափարների և նոր մոտեցումների շնորհիվ, և մենք պատրաստ ենք դրանցից մի քանիսը ներկայացնել համապատասխան պայմաններում և համապատասխան ձևաչափով, եթե նման հնարավորություն ստեղծվի և պայմանները լինեն նպաստավոր։ Մենք պատրաստ ենք այդ դերը իրականացնել դրականորեն»։

Սա երկու երկրների գլխավոր դիվանագետների չորրորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Ավելի վաղ Լավրովն ու Ռուբիոն հանդիպել էին Էր Ռիադում, Կուալա Լումպուրում և Նյու Յորքում։

Երկու բարձրաստիճան պաշտոնյաները Ֆիլիպինների մայրաքաղաքում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։