«Լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության». ՔՊ-ն արտերկրում ապրողներին զրկելու է ընտրելու իրավունքից

Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրություններին նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։

«Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը, և լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետև պատկերացում չունեինք, որ կարող է նման հարցեր առաջանան», - ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Նախագծի համահեղինակ, ՔՊ-ական Ալխաս Ղազարյանը չի թաքցնում՝ առաջարկվող փոփոխությունն ուղիղ կապ ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված իշխող ուժի դժգոհությունը, որը հանգեցրել է արտերկրում ապրողների ընտրական իրավունքը սահմանափակելու որոշմանը, պատգամավորն այդպես էլ չի հստակեցնում: Փոխարենը նա պնդում է՝ նախագիծը միտված է Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացու և պետության միջև կապի պահպանմանը:

«Ընտրությունները հենց այն հիմնական կապն են քաղաքացու ու պետության միջև, որով քաղաքացին կանոններ է սահմանում, իշխանություն է ընտրում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում այդ իշխանության հետ ապրել, աշխատել... մշտապես բնակություն հաստատող քաղաքացուն վերաբերելի է: Բնականաբար այնպիսի կարգավորում ենք բերել, որպեսզի կարողանա մշտական բնակվող քաղաքացին.... իսկ մշտական բնակվող համարվում է այն քաղաքացին, ով վերջին մեկ տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ երկրում», - նշեց Ղազարյանը:

Նախագծին ծանոթացել, հիմնավորումները լսել, բայց դրանք բացարձակ համոզիչ չի համարում հրապարակախոս Գոռ Մադոյանը: Նա որոշ ժամանակ Հայաստանից բացակայել է ուսման նպատակով, իսկ առաջիկայում չի բացառում նաև արտերկրից հեռավար աշխատելու հնարավորությունը: Առաջարկվող սահմանափակումները չեն վերաբերելու միայն այն քաղաքացիներին, որոնք արտերկրում են գտնվում հանրային ծառայության կամ կրթություն ստանալու նպատակով:

«Հեռավար աշխատանք եմ գտնում, որոշում եմ, որ 6 ամիս դրսում ապրեմ, Հայաստանում հարկերս վճարեմ, մանավանդ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս. դու նույնիսկ եթե դրսում ես ապրում, ժամանակը կարևոր չի, դիմում ես Հայաստանի հարկային մարմիններին, որպեսզի քո կենսական շահերի կենտրոն ճանաչվի Հայաստանի Հանրապետությունը ու հարկեր վճարես Հայաստանի Հանրապետությունում», - նշեց նա:

Մադոյանի համար հասկանալի չէ՝ այս դեպքում ինքը ինչո՞ւ պետք է զրկվի ընտրելու իրավունքից: Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են՝ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի և պետության միջև: Պարզ ասած՝ ՔՊ-ականները միայն Հայաստանի անձնագիր ունենալը բավարար չեն համարում ընտրությանը մասնակցելու համար: Կարծում են՝ պետության ապագան պետք է որոշեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում:

«Ծիծաղելին այն է, որ նախագիծը խոսում է բովանդակային կարևորության մասին, որ ֆորմալն այնքան էլ կարևոր չի, կարևորը քաղաքացի-պետություն կապն է, բայց իրենք հենց ֆորմալ սահմանափակում են մտցնում քաղաքացիների համար, որովհետև ֆիզիկապես Հայաստանում 183 օր գումարային գտնվելը, նույնիսկ ոչ իրար հետևից, այլ գումարային գտնվելը, դա էլ է աբսուրդ: Օրինակ՝ մարդը 4 տարի ապրել է ՀՀ-ում, վերջին մի տարվա մեջ 183 օր դրսում է ապրել, ուրեմն ինքը իրավունք չունի՞ հաջորդ 5 տարվա համար իշխանություն ընտրի, երբ հաջորդ 5 տարին գալու է Հայաստանում ապրի», - ընդգծեց Գոռ Մադոյանը:

Ալխաս Ղազարյանի խոսքով՝ առաջիկայում նախագիծը կլրամշակվի, բայց ասում է՝ վեցամսյա ժամկետն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի: Իսկ ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նման նախաձեռնությամբ հանդես եկան ՔՊ-ականները, հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների են պատրաստվում՝ հատկապես որ իրենց ուզած սահմանադրական մեծամասնությունը չստացան:

«Ոչ, նման մտադրություն չունենք, բայց հետագայում որպեսզի նման իրավիճակներից խուսափենք: Այս ընտրություններում արտահայտվեց այդ իրավիճակը, դուք ինքներդ էլ ականատես եք եղել նաև այն հայտնի տեսագրությանը, որ ասում է՝ «եկել եմ ընտրեմ, երեկոյան պետք է գնամ, որովհետև կարող է խառնաշփոթ լինի»: Այսպիսի խոսակցությունները.... ոչ միայն դա է հիմք դարձել, բավականին երկար ժամանակ ՀՀ տարբեր քաղաքացիներից ստացել ենք ահազանգեր», - արձագանքեց Ղազարյանը:

Գոռ Մադոյանը օրենսդրական, անգամ սահմանադրական փոփոխություններին դեմ չէ, ընդգծում է՝ խնդիրն այն է, թե առաջարկվող փոփոխությունների վերջնարդյունքում հեղինակներն ինչ են ստանալու:

«Նույն օրինակը կարանք քննարկենք. քաղաքացուն, որ ասում էր՝ «կարող է վիճակը խառնվի, դրա համար իրիկունը գնալու ենք», հիմա ենթադրենք այդ նույն քաղաքացին վերջին մեկ տարվա մեջ 183 օր ապրել է Հայաստանում, ընտրել է, ու ասում է՝ «դե ես տնեցիքով գնացի, կարող է վիճակը խառնվի», ի՞նչ ենք անում, ինքը կարա՞ ընտրի», - նշեց Մադոյանը:

Նախընտրական փուլում ՔՊ-ականները հատկապես խոսում էին Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների մասին՝ պնդելով, թե նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Իշխանական պատգամավորը, սակայն, այդպես էլ որևէ թվով չներկայացրեց, թե այս տարվա մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանից քանի քաղաքացի է ժամանել Հայաստան, և որքան է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՔՊ-ն մտադիր է այս փոփոխությունները շատ արագ ընդունել՝ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեղադրանք խոսքի համար. «Զվարթնոց»-ում ձերբակալված ռուսաստանաբնակը մեղքը չի ընդունում