Մատչելիության հղումներ

Մեղադրանք խոսքի համար. «Զվարթնոց»-ում ձերբակալված ռուսաստանաբնակը մեղքը չի ընդունում

Հովհաննես Սահակյանը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցում է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ
Հովհաննես Սահակյանը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցում է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ

«Էկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»: - «Նույն օրը՞»: - «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»:

Ռուսաստանից Երևան եկած Հովհաննես Սահակյանի այս հարցազրույցի մեջ իրավապահները հանցագործության հիմքեր են տեսել: Հետդարձի ճանապարհին՝ հունիսի 7-ին նրան ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում, մեղադրանք առաջադրել, թե հանցագործության մասին գիտեր ու իրավապահներին տեղյակ չի պահել:

«Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ արդեն ունի մեղադրյալի կարգավիճակ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս նկատմամբ՝ այն բանի համար, որ նա ենթադրյալ իմացել է իշխանության զավթման վերաբերյալ հանցագործության մասին կամ հանցափորձի մասին, սակայն չի հայտնել համապատասխան մարմիններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Կարինե Մարգարյանը:

Քարոզարշավի վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը Ռուստաստանից ընտրողների է բերում՝ իր օգտին քվեարկելու համար: Ինքնաթիռից իջած և «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկի առջև հայտնված Սահակյանը ասել էր, թե ընտանիքով ընտրության են եկել, ու հենց քվեարկության օրն էլ հետ կգնան, որովհետև իրավիճակը կարող է խառնվել: Ի՞նչ խառնվելու մասին է խոսել Սահակյանը, փաստաբանը պնդում է՝ տղամարդն ընդամենն իր մտահոգությունն է հայտնել:

«Ստացվում է, որ անձին էս դեպքում մեղադրանք է առաջադրվել իր մտավախության համար, և վերջինս մտավախություն էր զուտ հայտնել, որ «հնարավոր է, երևի թե, վաղը էնպիսի իրավիճակ լինի, ու խառը լինի, էլ, օրինակ, մենք չկարողանանք երկրից մեկնել»: Զուտ իր մտահոգության համար էր», - նշեց Կարինե Մարգարյանը:

Օդանավակայանում հարցազրույց տալուց հետո մեղադրյալի աթոռին հայտնված տղամարդը հրաժարվում է շփվել լրատվամիջոցների հետ: Նա Հայաստանից չբացակայելու ստորագրություն է տվել և պարտավոր է այստեղ մնալ անորոշ ժամանակով:

«Ես ուղղակի չգիտեմ՝ էդ վարույթն իրականացնող մարմինը ինչ կերպ պիտի հիմնավորի էս մեղադրանքը: Ամբողջությամբ անհիմն է, գտնում եմ, որ ձերբակալումը ևս ապօրինի է, քանի որ էս դեպքում նախատեսված սանկցիան անգամ ազատազրկում չի նախատեսում, կարճաժամկետ ազատազրկում է նախատեսում, հետևաբար նաև՝ էս դեպքում անձին ձերբակալելը, անձի ազատության իրավունքը սահմանափակելը, թեկուզ որոշակի ժամանակահատվածով, կրկին գտնում եմ, որ անթույլատրելի էր», - ասաց փաստաբանը:

Հովհաննես Սահակյանը հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ասել է՝ մեղքը չի ընդունում: Փաստաբան Մարգարյանը հույս ունի, որ գործը կկարճվի, տղամարդն էլ կազատվի մեղադրյալի կարգավիճակից: Ասաց՝ ընտանիքով Ռուսաստանում են բնակվում ու պարբերաբար հայրենիք են գալիս: Ռուսաստանաբնակ տղամարդը, փաստաբանի խոսքով, քաղաքականությամբ հետաքրքրված չէ, որևէ ուժի չի սատարել:

«Հնարավոր է, որ բառապաշարը, ընտրված արտահայտությունները որոշ մարդկանց համար վիրավորական լինեին ընդհանուր առմամբ, բայց՝ հուզական մակարդակում: Ըստ էության, իմ կարծիքով, հանցակազմի տարրեր առերևույթ առկա չեն, և ես ընկալում եմ էդ արտահայտությունը որպես մտավախություն հնարավոր զարգացումների առումով՝ հաշվի առնելով Հայաստանում նախկինում էլ համապատասխան լարվածություն որոշ դեպքերում ընտրություններից հետո, որը մարդը արտահայտել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Աննա Մելիքյանը:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հովհաննես Սահակյանին սպառնում է տուգանքից մինչև մեկամսյա ազատազրկում:

Իրավապաշտպան Աննա Մելիքյանը խոսքի ազատության սահմանափակում է որակում այս քրեական գործը: Երկու խնդիր է առանձնացնում. առաջինը անհամաչափ մեղադրանքն է: Ասում է՝ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշում է, որ Հովհաննես Սահակյանը հաստատապես իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին: Մինչդեռ, ըստ Մելիքյանի, նրա կարճ հարցազրույցից նման եզրահանգում անել հնարավոր չէ:

«Հենց այդ հաստատապես իմանալու հանգամանքը պետք է ապացուցի վարույթ իրականացնող մարմինը», - ընդգծեց իրավապաշտպանը:

Աննա Մելիքյանն ընդգծում է՝ սա առաջին գործը չէ, երբ քաղաքացին մեղադրյալի աթոռին է հայտնվում ոչ թե կոնկրետ արարքի, այլ խոսքի համար, հատկապես երբ այդ խոսքն ուղղված է իշխանությանը: Մինչդեռ իրավապահները նույն ջանասիրությամբ գործեր չեն հարուցում իշխանավորների դեպքում:

Իրավապաշտպանը նկատում է՝ քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը պարբերաբար վիրավորանքներ ու սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմախոսների հասցեին, բայց Քննչականը մերժել էր անգամ քննել վարչապետի խոսքերը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG