Լարված մթնոլորտ, հեռացում դահլիճից, թեժ քննարկումներ՝ ԱԺ-ում

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումից հետո Ազգային ժողովում իրավիճակը լարվեց, երբ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նախ զգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստանից» Դավիթ Ղազինյանին, ապա կարգ ու կանոն խախտելու պատճառաբանությամբ դահլիճից հեռացրեց նրան։ Դուրս գալու մի քանի կոչից հետո Ալեքսանյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ ՊՊԾ 10 աշխատակից բառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում հայտնվեցին նիստերի դահլիճում: Դավիթ Ղազինյանն ինքը դուրս եկավ բանը ուժով հանելուն չհասավ:

Փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց.- «Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից»:

Ընդդիմադիրները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից, շենքից

Ընդդիմադիրները բողոքում էին, թե Ազգային ժողովի փոխխոսնակը կարգուկանոն է խախտում՝ նիստը վարելու փոխարեն հնչած ելույթներին մեկնաբանությամբ հակադարձում։ Այս վեճից հետո երկու խմբակցություններն այլևս չմասնակցեցին նիստին։ «Ուժեղ Հայաստանը» դուրս եկավ խորհրդարանի շենքից, «Հայաստանը» շենքում էր, բայց չմտավ դահլիճ։ Առավոտից նաև ընդդիմադիր այս խմբակցությունից էին բողոքում նիստը վարող իշխանական փոխխոսնակներից՝ էլի նույն պատճառաբանությամբ։ Դավիթ Ղազինյանը հայտարարեց, թե նախագահողի լիազորությունները չարաշահելու դեմ իրենց բողոքի քայլն է՝ նիստերին չմասնակցելը։

Կարգ ու կանոնը պետք է պահել. Ալեքսանյան

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը բացատրեց.- «Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակապես Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի սահմաններում, պարկեշտության սահմաններում, մինչև վերջին պահը պարոն Ղազինյանի հետ խոսել եմ Դուքով, մինչև վերջին պահը փորձել եմ այնպես անել, որպեսզի իրավիճակի լարումը կամ սրումը մինիմալ լինի, բայց, այնուամենայնիվ, Ազգային ժողովի նիստերի ընթացքում կարգ ու կանոնը պետք է պահել»:

Նրանց հեռանալուց հետո Վահագն Ալեքսանյանն իր տեսակետը ներկայացրեց, բայց չընդունեց ընդդիմադիրների մեղադրանքը, որ ինքը կանոնակարգ է խախտում՝ իրեն իրավունք վերապահելով մեկնաբանել հնչած ելույթները։

«Ազգային ժողովի կանոնակարգով արգելված չի նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել, դա մեկ, երկրորդը՝ նիստը նախագահողը պարտավորություն ունի ապահովել նիստի բնականոն ընթացքը։ Նիստի բնականոն ընթացքը լայն եզրույթ է։ Իմ ընկալմամբ, երբ խոսում է Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորը և փաստացի ապատեղեկատվություն է հայտնում քիչ առաջ տեղի ունեցածի մասին Ազգային ժողովի նախագահողի պարտավորությունն է նաև ինչ-որ տեղ ճշգրտում մտցնել, որովհետև դուք տեսաք, որ տիկին Արեգա Հովսեփյանն իր ելույթում ասեց՝ Արայիկ Հարությունյանը ինձ հարցրեց՝ արդյո՞ք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Այնինչ, Արայիկ Հարությունյանը նման արտահայտություն և բառակապակցություն չի ասում։ Ես պատրաստվում էի ընդամենը մեջբերել այդ արտահայտությունը»,- ասաց Ալեքսանյանը:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Արայիկ Հարությունյանը արցախցի Արեգա Հովսեփյանի վերաբերմունքն էր հարցրել 2022-ի Պրահայի հայտարարության վերաբերյալ, որով Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի Լեռնային Ղարաբաղը համարելով Ադրբեջանի մաս։

Հարությունյանը հարցրեց.- «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 91 թվականի Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հիմա ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը»:

Արեգա Հովսեփյանն արձագանքեց.- «Ես ճանաչում եմ իմ հայրենիքը: Ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, արցախահային, թե արդյո՞ք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Ի՞նչ է նպատակով է նա դա հարցնում, ցավացնելո՞ւ»:

Այն որ «Ուժեղ Հայաստանը» ընտրել էր Եվրաինտեգրման հանձնաժողովը, անակնկալի էր բերել իշխանությանը: Անգամ հայտարարում էին՝ իրենք կարծում էին որ Եվրասիական ինտեգրման հանձնաժողովն են ուզելու ղեկավարել ու այսօր բառացիորեն դժվար հարցերի օր էր «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի համար։

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարցրեց.- «Եթե այսօր լիներ հանրաքվե, Ձեր քաղաքական ուժը կողմ կլիներ միանալ Եվրամիությանը, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում»։

Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն պատասխանեց. - «Մենք Եվրաինտեգրման քաղաքականությանը միանշանակ կողմ ենք։ Մենք կողմ ենք նրան, որ Եվրոպական Միությունը տրամադրում է մեզ այնպիսի լուրջ գործիքակազմ, որով մենք կարող ենք արդիականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներ, բայց նաև դեմ ենք կեղծ օրակարգերին, հատկապես, որ ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա։ Հիմա Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, որը գոյություն չունի»։

Ռուսաստանում իր ունեցվածքի մեծ մասը կուտակած Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» ըստ «Քաղաքացիական պայմանագրի»՝ պրոռուսական համբավ ունի։ Ո՞ւմ շահն են սպասարկել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում առաջադրվելով։ Իշխանականները նաև այս հարցն էին բարձրացնում։ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն խորհուրդ էր տալիս արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա չկառուցել։

Իշխանականների խոսքով.- «Ակնհայտորեն ձեր պրոռուսական համբավը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության լավագույն շահը այդ հանձնաժողովը վերցնելով և նախագահելով»։

Ընդդիմադիր Արեգա Հովսեփյանն արձագանքեց.- «Պրոռուսական համբավ և այլն... եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, կարծում եմ՝ լավ տեղ չի հասնելու, առաջարկում ենք ընդհակառակը՝ փորձել լինել այնպիսին, որպեսզի հակադրությունները դրսից չբերենք Հայաստան։ Հայաստանը այդ պոտենցիալը չունի»:

Քաղաքացիական պայմանագրից Լիլիթ Մինասյանը շարունակեց թեման. «Սամվել Կարապետյան, 18.06.2026, Հայաստանը չպետք է դարձվեր հակառուսական կենտրոն։ Ո՞վ է ասել էլ այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ։ Իհարկե, Զախարովան։ ԵՄ գիծը Հայաստանը տանում է Բրյուսելի հակառուսական գծում անշրջելի ներգրավման»։

Իշխանությունը դժգոհ էր, հայտարարում էր, որ ոչ մի հարցի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կոնկրետ չպատասխանեց։

«Մարդիկ, ովքեր Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, կանգնած, ուղիղ Արցախցի կնոջը նայելով ասում են՝ դե ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, դե ասա՝ Ղարաբաղ, Արցախ չասես հանկարծ։ Սա հակամարդկային է, անմարդկային է, սա քաղաքական հարթության մեջ չի, որ մենք հիմա քաղաքական պատասխաններ հնչեցնենք»,- իր հերթին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Գրիգորյանը նախ Արայիկ Հարությունյանի հարցին անդրադարձավ, ապա Եվրամիությունում Հայաստանի ապագայի մասին հենց քաղաքացիական պայմանագրին հարց ուղղեց.

«Դուք կո՞ղմ եք։ Ձեր առաջնորդը ԵԱՏՄ նիստում ասում է՝ ԵՄ անդամակցությունը գոյություն չունի, նման օրակարգ, նման ալտերնատիվ սեղանին գոյություն չունի։ Ավելին, ասում է՝ բազմաթիվ գործընթացներից հետո դեռ փաստ չի Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՄ անդամ, թե չի դառնա։ Տիկին Հովսեփյանից ի՞նչ եք ուզում»։

Չնայած Եվրաինտեգրումն Արեգա Հովսեփյանը տասնամյակների հարց է համարում, բայց հայտարարեց՝ իրենց ուժը կողմ է, հատկապես մարդու իրավունքների եվրոպական փորձը օրինակելի համարեց։ «Ուժեղ Հայաստանի» ղեկավարն էլ իշխանությունների քննադատության ֆոնին որոշեց հստակեցնել՝ Եվրամիությունում կան բաներ, որ որպես պահպանողականներ դեմ են, իսկ եվրոպական քաղաքական ու տնտեսական համակարգերը տեղայնացնելուն կողմ։

Կարապետյանը «պատերազմի եռագլուխ կուսակցություն» բնորոշմանը հակադարձում է «եռապատերազմի կուսակցությունով»

Նարեկ Կարապետյանն այսօր հակադարձեց Նիկոլ Փաշինյանին, որը նաև Սամվել Կարապետյանի ուժին նկատի ունենալով «պատերազմի եռագլուխ» կուսակցության մասին էր խոսում, ու որի ընտրության դեպքում նաև պատերազմ կանխատեսում.

«Վերջին ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերած կուսակցությունը...եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է և երկուսուկես տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը»,- ԱԺ ամբիոնից ասաց Նարեկ Կարապետյանը:

ԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը

Խորհրդարանն այսօր ավարտեց բոլոր 12 հանձնաժողովների նախագահների թեկնածության քննարկումները: Նրանցից չորսն ընդդիմությունից են, մեկը՝ «Հայաստանից», երեքը՝ «Ուժեղ Հայաստանից»: «Քաղաքացիական պայմանագիրը» նրանց բոլորի հայտարարությունների վերաբերյալ վերապահումներ ուներ, բայց, թերևս ամենաշատը՝ Արեգա Հովսեփյանի, որը նաև երեկ ասել էր՝ «հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդարանում գործադիր իշխանության շարունակություն»: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» այլ կարծիքի է, ուստի ինչպե՞ս կքվեարկեն թե՛ նրա, թե՛ մյուս ընդդիմադիր թեկնածուների դեպքում։

ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց.- «Այն քաղաքականությունը, որը վարում է կառավարությունը, հանձնաժողովն այստեղ կատարելու է այն գործառույթները....որևէ խնդիր չի լինի, եթե մոտեցումը, սկզբունքը, այն կազմակերպչական աշխատանքները, որը պատկերացնում ենք մենք և մեր կառավարության գործողության շրջանակում, իհարկե, չենք տեսնում»:

Փակ-գաղտնի քվեարկության արդյունքները վաղը հայտնի կդառնան՝ կեսօրին մոտ: