Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է անցկացնում՝ հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ՝
«Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 287 կամ 3.9893 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 726 819 կամ 49.7456 տոկոս
«Հայաստան» դաշինքը՝ 144 983 կամ 9.9231 տոկոս
Նիստին զուգահեռ ընդդիմությունն ակցիա է անում: Հավաքվածները պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել:
ԿԸՀ-ի դիմաց երեք ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն են:
Մինչ ԿԸՀ նիստի մեկնարկը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդիրը «Բարգավաճ Հայաստանի» 4 տոկոս անցողիկ շեմը հաղթահարելը և խորհրդարանում ներկայացված լինելը չի.
«Սա հնարավորություն է արդարությունը վերականգնելու, որովհետև ամբողջ ընտրությունների արդյունքի համապատկերն է փոխվում։ Ընդհանրապես, կասկածի տակ է դրվում ընտրությունների ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, սա երկրորդ։ Եվ երրորդը՝ որևէ մեկն իրավունք չունի ո՛չ մանդատագողությամբ, ո՛չ ձայնագողությամբ զբաղվելու և, կոնկրետ, նման թքած վերաբերմունք ունենալու ընտրողների ընտրելու իրավունքի վրա», - նշեց նա։
Ընդդիմադիր գործիչները բողոքի ակցիայի ընթացքում նշում էին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրան նախորդող ընտրական ժամանակաշրջանում «համակարգված և համատարած ընտրախախտումներ են տեղի ունեցել»։ Իշխանությունն ի պատասխան բազմիցս հայտարարել է, թե ընդդիմությունը կամիր գիծ է հատել՝ բաժանելով ընտրակաշառք: Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»:
Ակցիայի մասնակից, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագած հայտարարեց, որ հացադուլ է սկսում, մինչև նոր ընտրություններ անցկացվեն:
ԿԸՀ շենքի մոտ և հարակից փողոցներում ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
Վարչական դատարանն էլ ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո: