Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու մերժեց:
Ըստ հիմնավորման՝ նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և բնակվել է ՀՀ-ում:
ԿԸՀ-ն մերժեց նաև ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ նույն պատճառաբանությամբ:
Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Ղուկասյանը երրորդ երկրում գտնվում է կալանքի տակ և լիազոր մարմինների կողմից չէր կարող փաստաթուղթը վերցնել.
«Միջնորդում եմ քննարկումից հանել պարոն Վարդան Ղուկասյանի այս հարցը, մինչև ֆորսմաժորային վիճակների ավարտը»:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ԿԸՀ-ի լիազորություններից դուրս է անելու այն, ինչ ակնկալում է փաստաբանը: Հետևաբար, ԿԸՀ-ն մերժեց Վարդան Ղուկասյանի գրանցումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է: