ԿԸՀ-ն կուսումնասիրի Քաջայր Նիկողոսյանի՝ իրեն ընդդիմադիր դարձած ենթականերին ազատելու որոշումները

Սպիտակում քաղաքական իրավիճակը գնալով լարվում է․ Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանն այսօր հավաքում էր ունեցած-չունեցածն ու քաղաքապետի օգնականին հանձնում 5 տարի տնօրինած գույքը:

Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն վարչական վարույթ է նախաձեռնել։ Քննվում է ամենաթեժ հարցը՝ արդյոք համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը իրեն ընդդիմադիր դարձած ենթականերին տուն ուղարկելով չի՞ չարաշահել իր լիազորությունները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու և գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի համար կարմիր գիծն անցավ այն պահին, երբ իր տեղակալն ու 20 բնակավայրերից ավելի քան մեկ տասնյակի վարչական ղեկավարներ հայտնվեցին մրցակցի՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում։ Այս պահի դրությամբ Նիկողոսյանն աշխատանքից ազատել է իր տեղակալին ու ևս երեք վարչական ղեկավարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպիտակում համայնքապետի ենթակաները նրա դեմ են դուրս եկել․ ընտրություններին կմասնակցեն մրցակցի թիմում

Մինչ ազատման որոշումները ստանալը, մրցակցի թիմում հայտնված պաշտոնյաներն էլեկտրոնային նամակով զգուշացում էին ստացել՝ արձակուրդի մասին չմտածել՝ «ծանրաբերռնված շրջանում աշխատանքները պատշաճ և անխափան կազմակերպելու համար»։ Իսկ ահա ինքը՝ համայնքապետ Նիկողոսյանը, երեկվանից արդեն արձակուրդում է:

«Համայնքի ղեկավարից եկել է գրություն, որով պարզ երևում է համակարգում, որ արձակուրդներ ոչ մեկս չխնդրենք, քանի որ տարեվերջ է և աշխատանքները շատ են նախընտրական, որին... հաջորդել են ազատման հրամանները, կարգադրությունները», - ասաց Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը:

Դեռ երեք տարի առաջ Սպիտակի համայնքապետը վարչական ղեկավար Թամարա Մինասյանից պահանջել էր աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել՝ վարչական ղեկավարի կողմնակիցներ ու հակառակորդներ կային։ Բողոքի ալիքը մեծացել ու մարզպետարան էր հասել։ Դրանից հետո համայնքի ղեկավարը գյուղ այցելեց, բայց կրքերը հանդարտվելու փոխարեն ավելի շիկացան։

Նրա այցից երկու օր անց համայնքապետի որդին, որ հոր հետ Սարամեջ էր գնացել գյուղացիների բողոքների հետևից, որոշել էր անձամբ հաշիվ մաքրել հորից դժգոհ վարչական ղեկավարից։ Նրա ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին, հանդիպել էր Սպիտակի թաղամասերից մեկում ու ծեծել՝ վնասվածքներ պատճառելով։

Մեկ տարի անց Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, մեկ տարի պայմանական ազատազրկման դատապարտվեց Սարամեջ գյուղի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու և թեթև վնասվածքներ պատճառելու համար։ Կարծես կրքերը դրանով հանդարտվեցին, բայց տարիներ անց Սարամեջի վարչական ղեկավարն ու իր վերադասը քաղաքական տարբեր ճամբարներում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպիտակի համայնքապետի որդուն՝ մեկ տարի պայմանական ազատազրկում Սարամեջի գյուղապետի ամուսնուն ծեծելու համար

Ինչո՞ւ 2021 թվականի «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի թիմը մասնատվեց, և 20 վարչական ղեկավարներից ավելի քան կեսը սեփական վերադասին դեմ դուրս եկան։ Հեռացողներն ահազանգում են՝ պատճառը համայնքների միջև խտրական վերաբերմունքն է, որտեղ բնակավայրերը բաժանվել են «յուրայինների» և «ոչ յուրայինների»։

Այսօր Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի վերջին աշխատանքային օրն էր: Ոտքը շենքից դուրս դնի, նրա ենթականերից՝ բանվոր Ջոնէրիկ Թադևոսյանը նույնպես պատրաստվում է ազատման դիմում գրել: Մինասյանից հեռու աշխատել չի ուզում:

ՔՊ-ական քաղաքապետի հետ ունեցած այս թեժ բախման ֆոնին՝ հեռացված պաշտոնյաները հատուկ ընդգծում են՝ իրենք կենտրոնական իշխանության դեմ դուրս չեն եկել, ընդամենը մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընտրություններին հենց «Քաղաքացիական պայմանագրի» քվեների համար էին պայքարում։

Պաշտոնյաներին աշխատանքից ազատելու որոշումներում հիմնավորում, թերացման մասին նշում չկա: Արդյոք սա պաշտոնեական դիրքի չարաշահում չէ՞ նոյեմբերի 29-ին նշանակված ընտրություններից առաջ: Երեկ անկախ դիտորդներն էին քննադատել, օրենքի կոպտագույն խախտում նկատել:

Այսօրվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հարցը քննում, ինչի մասին դեռևս պաշտոնապես չեն հայտարարել: Քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը նախընտրում է լռել ու հրաժարվում է հարցազրույցից, իսկ «Ազատության» գրավոր հարցերն՝ ուղղված համայնքի ղեկավարին, առայժմ անպատասխան են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն կուսումնասիրի թեկնածու ենթականերին աշխատանքից ազատելու՝ Սպիտակի քաղաքապետի որոշումները Սպիտակում համայնքապետի ենթակաները նրա դեմ են դուրս եկել․ ընտրություններին կմասնակցեն մրցակցի թիմում