Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրին, որտեղ ամրագրված է նաև կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը: Հարցին, թե ինչու էր անհրաժեշտ, որ դա նաև նախընտրական ծրագրում լինի, Սիմոնյանը պատասխանեց.

«Որովհետև Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը և լավ կլիներ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրում ունենային Կտրիճ Ներսիսյանից ու այն մարդկանցից, ովքեր վարկաբեկում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, մաքրելն ու ազատելը, դա մեծ օգուտ կբերեր մեր պետականությանը: Մեր ծրագիրն է, մենք ենք որոշում մեր քաղաքացիներին ինչ առաջարկենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ տարի՝ պահանջում է կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգևորականներ: Կաթողիկոսը մի քանի անգամ ակնարկել է՝ հեռանալու մտադրություն չունի:

Տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու «ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները»։

Պաշտոնական Երևանը հերքում է եկեղեցու դեմ հարձակման մեղադրանքները:

Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիներն ամենից շատ գոհ են Զինված ուժերի ու Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից: