Վերջին հայհոյախոսությունը դեռ չէր մոռացվել, երբ երեկ երեկոյան համացանցում մի ձայնագրություն հայտնվեց, որում ենթադրաբար Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն է՛լ ավելի թունդ՝ սեռական բնույթի հայհոյանքներով լեցուն մի ձայնային հաղորդագրություն է ուղարկում ինչ-որ մեկին:
Սարիկ Մինասյանը չի հերքել, որ ինքն է ձայնային հաղորդագրության հեղինակը: Բայց ի տարբերություն նախորդ՝ ընդամենը մի քանի օրվա վաղեմության դեպքի, ներողություն չի խնդրել: Հրապարակելով այն օգտատիրոջ էջը, որին, ենթադրվում է, որ պատասխանել է, ՔՊ-ականը միայն գրել է. - «Սա ձեր տարածած ձայնագրության հերոսն է, ով սպառնում էր ինձ` անձնական էջիս ձայնային հաղորդագրությամբ` հայհոյանքներով, որ ավտոմատով Դոնբասից կգա, բայց տեղ հասավ կոմունիստական կլյավուզիան։ Սա է ձեր տեսակը՝ սադրել, ձայնագրել, ընտրակաշառք տալ, հայհոյել: Ձայնագրությունը մոնտաժված է և ներկայացված միակողմանի։ Ուժեղ «զապիս էնող» եք»:
Սարիկ Մինասյանի հրապարակած սքրինշոթերում օգտատիրոջ էջում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի պաստառն է, անձնական տեղեկությունների բաժնում էլ գրված է, որ տղամարդը Դոնբասից է:
Ինչո՞ւ էր հայհոյանքների տարափ տեղում, պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել, ի՞նչ կարծիք ունեն իր վարքագծի մասին կուսակցությունում. այս հարցերը Սարիկ Մինասյանին ուղղել չհաջողվեց, նա այսօր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Անցած շաբաթ էլ նա Ֆեյսբուքում վիրավորական բառերով վեճի էր բռնվել օգտատերերի հետ, երբ իր էջում տեսանյութ էր հրապարակել Գյումրիում «Վարչաբենդի» համերգից: Տեսանյութին «Դավաճան ու ստամոքսազգիներ» բառերով արձագանքել էր օգտատերերից մեկը, ՔՊ-ականն էլ նրա հեռախոսահամարն էր պահանջել՝ թունդ վիրավորելով: Մյուսի վիրավորական մեկնաբանությանն էլ է նույն կերպ պատասխանել: Հետո ներողություն խնդրեց, թե «որպես արժանապատիվ տղամարդ, տրվել է նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել է հայելային»:
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի հետ նման մի միջադեպ էլ անցած տարի էր եղել: Սարիկ Մինասյանը ղեկավարում է նաև ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ավագանու նիստերին չի մասնակցում: Ընդգրկված է խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում՝ առաջին 50-յակում:
«Քաղաքացիական պայմանագիր»-ն անցած տարի էթիկայի կանոնագիրք ընդունեց: Կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկրում որպես կառավրող ուժ պատասխանատվություն են զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման համար.
«ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»:
ՔՊ-ի էթիկայի կանոնագրքով կարգապահական պատասխանատվություն է սահմանվում այն խախտողների համար: Վերջին շրջանում սկանդալների կենտրոնում հայտնված Սարիկ Մինասյանը արդյո՞ք կենթարկվի կուսակցական պատասխանատվության: Այսօր ՔՊ վարչության վեց անդամ «Ազատության» զանգերին չարձագանքեց: Վարչությունից միակը, որ հեռախոսազանգին պատասխանեց, Հասմիկ Հակոբյանն էր, նա էլ հրաժարվեց մեկնաբանությունից՝ խորհուրդ տալով դիմել կուսակցության աշխատակազմ: