Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, քանի որ Հունգարիան համարվում է «ոչ բարեկամական պետություն», որը աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք շնորհավորում ոչ բարեկամական պետություններին։ Իսկ Հունգարիան ոչ բարեկամական պետություն է, այն աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Վեստիի» լրագրողին տված հարցազրույցում Պեսկովը նաև ասել էր, որ Ռուսաստանի և Եվրոպական միության հարաբերությունները Հունգարիայում ընտրություններից հետո չեն կարող ավելի վատանալ, քանի որ դրանք արդեն գտնվում են այնպիսի վիճակում, որ ավելի վատ լինել չի կարող։
Երբ նրան խնդրել են պարզաբանել՝ արդյոք դա նշանակում է, որ իրավիճակն արդեն «այնքան վատ է, որքան հնարավոր է», Պեսկովը պատասխանել է. «Ոչ, չի կարող ավելի վատ լինել»։