«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստում ընտրում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Լուսինե Բադալյանը: Այս մասին հայտնեց Բադալյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Հավակնորդների թվում բացի Լուսինե Բադալյանից նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանն էին, ինչպես նաև Նելլի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, Կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը ևս ներկայացրել էին իրենց թեկնածությունները։
Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու է ընտրվել հանձնաժողովի գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Այս պաշտոնում հավակնորդների թվում էին հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, և Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը ևս այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։
Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու համար ընտրվել է հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։ Ղեկավարելու ցանկություն էր հայտնել նաև գործող նախագահ Արման Եղոյանը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց գործող նախագահ Սարգիս Խանդանյանը։ Այս հանձնաժողովը նախագահելու համար արաջադրվել էր նաև որևէ նախաձեռնությամբ կամ ելույթով խորհրդարանում աչքի չընկած Տաթևիկ Գասպարյանը:
12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները
Թեև 12 հանձնաժողովներից չորսի նախագահությունը, ըստ օրենքի, հասնում է ընդդիմությանը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, մեկը՝ «Հայաստան» դաշինքին, իշխող ուժից որոշել են, ամեն դեպքում, իրենց թեկնածուներն էլ ունենալ։
Ըստ ՔՊ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։