Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» Հայաստանի միանալը չի կարող բացասաբար ազդել Եվրամիության հետ հարաբերությունների վրա։
«Ես չեմ կարծում, որ դա բացասաբար կազդի մեր և մեր եվրոպացի գործընկերների հարաբերությունների վրա: Իհարկե վերջին շաբաթները իսկապես շատ բուռն աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակահատված է ու այս ժամանակահատվածում, կարծում եմ, պետությունները, ելնելով իրենց շահերից, կայացնում են որոշումներ», - ասաց Աղաջանյանը:
Թրամփի նախաձեռնությանը միացել են Թուրքիան, Մերձավոր Արևելքից Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, հետխորհրդային երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը, հրավեր է ուղարկվել անգամ Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքի կողմից մեկուսացված Ռուսաստանին: Մոսկվան դեռ դիտարկում է հնարավոր մասնակցությունը: Մինչդեռ Միացյալ Նահանգների ավանդական արևմտյան դաշնակիցներն ավելի զգուշավոր են կամ էլ մերժել են, ոմանք օրինակ, դիրքորոշումը պատճառաբանելով ներպետական օրենսդրության սահմանափակումներով: Թրամփը Դավոսից Միացյալ Նահանգներ վերադարձի ճանապարհին դեռ լավատես էր, որ այդ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան կփոխեն դիրքորոշումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը«Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրամիության հարաբերություններն այս պահին որոշակի դժվար ժամանակահատված են ապրում, ու բացատրություններից մեկը հենց դա է, կարծում եմ, որ նշված երկրները չեն համաձայնվել մաս կազմել այդ խորհրդի: Առնվազն Հայաստանի մասով, հաշվի առնելով ընդհանրապես TRIPP նախագծում ԱՄՆ կարևոր մասնակցությունն ու ներդրումը, վստահաբար Հայաստանի Հանրապետության շահերից է բխում միանշանակորեն ընդունել այդ առաջարկն ու մասնակցել», - ՔՊ պատգամավորը:
«Ստորագրման արարողությանը ներկա էին միայն Թրամփի մոլի աջակիցները», - այսօր գրել է հեղինակավոր «Բլումբերգ»-ը՝ օրինակ բերելով Հունգարիայի վարչապետ Օրբանին, որը մշտական տարաձայնությունների մեջ է Եվրամիության հետ, փոխարենը Միացյալ Նահանգների նախագահի հետ լավ հարաբերություններ ունի: Պարբերականը քննադատում է հատկապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին ուղարկված հրավերը՝ հիշեցնելով, որ նա Եվրոպայի վերջին բռնապետի համբավն ունի:
Ֆրանսիայի և այլ առաջնորդներ, մասնավորապես, մտահոգություն էին հնչեցրել, որ նորաստեղծ այս խորհուրդը կարող է նվազեցնել ՄԱԿ-ի դերը: Դոնալդ Թրամփը երեկ, կարծես, փորձեց ցրել մտավախությունը, թե Խաղաղության հիմնադրամը Միացյալ ազգերի կազմակերպության դեմ է, որի արդյունավետությունը բազմիցս քննադատել է:
«Երբ այս խորհուրդը ամբողջությամբ ձևավորվի, մենք կկարողանանք անել գրեթե այն ամենը, ինչ ցանկանում ենք։ Եվ դա կանենք Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ: ՄԱԿ-ը հսկայական պոտենցիալ ունի, որը չի օգտագործվել», - ասել է Թրամփը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսպանիան չի մասնակցի «Խաղաղության խորհրդին»Մոսկվան պատրաստ է 1 մլրդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին սառեցված միջոցներից. ՊուտինԽորհրդի գործունեությունը դեռ շատ հստակ չէ, առայժմ ավելի շատ հռչակագրային հայտարարություններ են հնչում՝ խաղաղարար ծրագրեր, հակամարտությունների կանխարգելում և այլն: Նախնական գաղափարով այն պետք է Գազայի վերականգնումը համակարգեր:
Վարչապետ Փաշինյանը Դավոս մեկնեց հենց Թրամփի հրավիրած միջոցառմանը, ավելի վաղ հաղորդվել էր, որ նա այս տարի չի մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին: Արտգործնախարարությունը երեկ հայտնեց, որ Հայաստանը չի վճարի մեկ միլիարդ դոլար անդամավճարը, բայց դա ենթադրում է անդամակցություն ընդամենը երեք տարով:
Էդուարդ Աղաջանյանը դեռ վաղ է համարում խոսել անդամավճարի նպատակահարմարության մասին. «Երբ էդ պահը կգա, կարծում եմ, արդեն որոշում պետք է կայացնենք, որովհետև 1 միլիարդ դոլարը Հայաստանի նման պետության համար, իհարկե, մեծ գումար է, ու այդ ժամանակ արդեն, այդ թվում՝ հաշվի առնելով, որ երեք տարի խորհուրդը գործունեություն ծավալած կլինի, կարծում եմ, ավելի հստակ կլինի մնալու նպատակահարմարությունը»:
Մինչդեռ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ արդեն քննադատում էր 1 միլիարդ դոլար վճարելու գաղափարը. «Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները. 60 միլիոնի կարգի նստեց ՍՈւ-երի սելֆին, էդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար: Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է, ոնց որ թե 1 միլիարդ դոլարանոց սելֆի է ուզում Փաշինյանը անի Թրամփի հետ»:
Մեկ միլիարդ դոլարը Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10.5 տոկոսն է: