ՔՊ-ական պատգամավորները «հրաժարվում են կատարել դատարանի վճիռը». քրգործ է հարուցվել

Եթե այս իշխանության օրոք բոլոր քաղաքացիները հավասար լինեին օրենքի առաջ, ինչպես վստահեցնում է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, հիմա նույն այս պատգամավորը մեղադրյալի աթոռին կլիներ, պնդում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Ինքը հենց հիմա պետք է լիներ մեղադրյալ դատարանի օրինական վճիռը չկատարելու համար», - վստահեցնում է նա:

Ընդդիմադիր Ղազարյանը սեփական օրինակով է ցույց տալիս, որ Արթուր Հովհաննիսյանի ասածն իրականությունից հեռու է. Ղազարյանը դատի էր տվել Արթուր Հովհաննիսյանին իրեն վիրավորելու համար: Ընդհուպ վերաքննիչ դատարան է հասել ու հաղթել ՔՊ-ական պատգամավորին, դատարանը վճռով պարտավորեցրել է նյութական փոխհատուցում և հրապարակային ներողություն: ՔՊ-ական պատգամավորը պահանջի մի մասն է կատարել: Մեկ միլիոն 250 հազար դրամը վճարել է, բայց հրաժարվում է ներողության տեքստը հրապարակել, ասում է Էդգար Ղազարյանը:

«Փաստացի, այսինքն և՛ վճռի սահմանված ժամկետում չի կատարել, ինքը նաև հարկադիր վարույթի շրջանակներում չի կատարել, որովհետև հարկադիր կատարողը վարույթը նախաձեռնելուց հետո իրեն լրացուցիչ ժամկետ է տվել, ասում է՝ այս ժամկետում պետք է կատարվի», - ասաց նախկին դեսպանը։

Վերջինս դատարան էր դիմել երկու տարի առաջ, երբ Ազգային ժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ հանձնաժողովի նիստում ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը վիրավորել էին նրան ու սպառնացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ներողություն՝ ընդդիմադիր Էդգար Ղազարյանից. դատարանները վիրավորանք են որակել իշխանականների արտահայտությունները

Վճիռն անցած տարի ուժի մեջ է մտել: Հովհաննիսյանի կուսակից Ռուստամ Բաքոյանը դատարանի պահանջը առհասարակ չի կատարել, ասում է Ղազարյանը, փոխհատուցումը, որ դարձյալ մեկ միլիոն 250 հազար դրամ է եղել, նրանից հարկադիր ծառայությունն է գանձել: Իսկ ներողությունը այդպես էլ չի հրապարակել:

«Ռուստամ Բաքոյանը կամավոր այդ մասն էլ չի կատարել, բայց հարկադիրն իր հաշիվների վրա կալանք է դրել, դեկտեմբերին որ իր պարգևավճարը ստացավ, իմ փողն էլ տվին», - շեշտեց նա:

Էդգար Ղազարյանը իրավական բոլոր ատյաններով անցել է, ու այդպես էլ Բաքոյանին պատասխանատվության չեն ենթարկել դատարանի որոշումը ամբողջությամբ չկատարելու համար. «Էլի չի կատարել, ես դիմել եմ գլխավոր դատախազին, դատախազն ուղարկել է Արարատի մարզային դատախազություն, այնտեղից Արարատի մարզի Վեդիի քննչական բաժին, քննիչը որոշում է կայացրել, որ վարույթ չի նախաձեռնում։ Իհարկե, ես բողոքարկել եմ, ես բողոքարկել եմ հսկող դատախազին, հսկող դատախազը մերժել է իմ բողոքը քննիչի որոշմամբ, ես հիմա դիմել եմ Արարատի մարզի դատարան, և հիմա դատարանը վարույթ է ընդունել իմ դիմումը, որպեսզի դատարանը պարտավորեցնի մարմնին, որպեսզի իրենք վարույթ նախաձեռնեն»:

Քրեական օրենսգրքով դատարանի վճիռը չկատարելը քրեական հանցանք է: Վճիռը սահմանված ժամկետում չկատարելը պատժվում է տուգանքից ընդհուպ ազատազրկմամբ: Եթե դա կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատիժն ավելի խիստ է:

Կաթողիկոսին հետապնդում են ու արգելում են երկրից բացակայել հենց այս մեղադրանքով, որ դատական ակտի կատարմանը խոչընդոտել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը՝ մեղադրյալ

Սա այն դեպքում, երբ դատարանը նույնիսկ իրավունք չունի քննել եկեղեցական որոշումներն ու որեւէ բան պարտադրել նրան, շեշտում է Ղազարյանը. «Եվ ինքը մեղադրում է մարդկանց, հոգևորականներին, որոնք դատարանի որևէ որոշման հետ ուղիղ առնչվող սուբյեկտ չեն, և նրանք չեն կատարել դատարանի պահանջը, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Դատարանի վերջնական վճիռը կա, որ ոչ թե վերացական բան, այլ շատ կոնկրետ ասում է՝ Արթուր Հովհաննիսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից այս տեքստով, տեքստը հրապարակել Ազգային ժողովի կայքում»:

Արթուր Հովհաննիսյանին ընդհուպ հարկադիրն է պարտադրել, որ կատարի դատարանի պահանջը, այս ժամկետն էլ ավարտվել է, ու նա պահանջն անտեսել է: Էդգար Ղազարյանը դիմել է Գլխավոր դատախազություն, որ Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսեն: «Ազատության» նկարահանումից ժամեր անց էդգար Ղազարյանը ստացել էր քննիչի գրությունը, որ քրեական վարույթ են հարուցել դատարանի օրինական վճիռը չկատարելու հոդվածով:

Իշխող խմբակցության քարտուղարն ու պատգամավորը ինչո՞ւ չեն կատարում դատարանի պահանջն ամբողջությամբ, ինչո՞ւ ներողություն չեն խնդրում ու հրապարակում, ինչպես պահանջում է վերաքննիչը, առավել ևս, որ վստահեցնում են՝ իրենց իշխանության օրոք բոլորը հավասար են օրենքի առաջ. ո՛չ Ռուստամ Բաքոյանը, ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանը «Ազատության» զանգերին ու գրավոր հարցերին երկրորդ օրն է՝ չեն պատասխանում: Նրանք հարցերը տեսել են ու չեն արձագանքում: Դատարանի պահանջը չկատարած իշխանականներին փնտրեցինք խորհրդարանում, փոխանցեցին՝ Հովհաննիսյանը երկրում չէ, իսկ Բաքոյանն աշխատասենյակից դուրս չեկավ՝ պատճառաբանելով, թե զբաղված է:

Եթե իշխող խմբակցության քարտուղարի վերաբերյալ քրեական վարույթ հարուցել են, ապա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բաքոյանի դեպքում իրավապահները անգամ մերժել են քրեական գործ հարուցել: Իսկ ինչպե՞ս կզարգանա իշխող խմբակցության քարտուղարին առնչվող քրեական գործը, արդյոք դատարանի որոշումը չկատարած Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու համար գլխավոր դատախազը խորհրդարան կգնա՞, Աննա Վարդապետյանի խորհրդականը մեր այս հարցին դեռ չի պատասխանել: