Կուրսկում Բրեժնևի արձանը կտեղադրեն

ԽՍՀՄ երկարամյա ղեկավար Լեոնիդ Բրեժնև, 1978թ.

Ռուսաստանի Կուրսկ քաղաքի կենտրոնում ծագրում են տեղադրել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Լեոնիդ Բրեժնևի հուշարձանը: Այս մասին հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը Բրեժնևի ծննդյան 120-ամյակի տոնակատարությունների տարածաշրջանային կազմկոմիտեի նիստի ժամանակ:

Խինշտեյնի խոսքով՝ Կուրսկի բնակիչները «Բրեժնևին իրավամբ իրենց հայրենակիցն են համարում», քանի որ նրա ընտանիքը «ծագումով Կուրսկի շրջանի Բրեժնևո գյուղից է», իսկ ինքը Բրեժնևը սովորել է Կուրսկում և «իր ապագա տիկնոջը հանդիպել է պարերի ժամանակ»:

«Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի փոխանցմամբ՝ հուշարձանը տեղադրել առաջարկել է Կուրսկի մարզի պատվավոր քաղաքացի, գեներալ, ռազմական բժիշկ և գործարար Գենադի Դյումինը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Ալեքսեյ Դյումինի հայրը: Ավագ Դյումինը կստանձնի բոլոր ծախսերը: Առաջարկվում է նաև պողոտաներից մեկն անվանակոչել Բրեժնևի անվամբ:

Լեոնիդ Բրեժնևը ծնվել է 1906 թվականին Ուկրաինայի Դնեպրոձերժինսկ (այժմ՝ Կամենսկոյե) քաղաքում, նա Խորհրդային Միության կոմկուսը ղեկավարել է 1964-ից մինչև կյանքի վերջը՝ 1982 թվականը:

Ռուսաստանում Բրեժնևի արձան տեղադրված է Նովոռոսիսյկում, որտեղ նա կռվել է և որին նվիրված է ԽՍՀՄ-ում միլիոնավոր օրինակներով հրատարակված նրա «Մալայա զեմլյա» հուշագրությունը: