Քոչարյանը ներողություն է խնդրում որդու ծառայության վերաբերյալ հայտարարության համար

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում Զինված ուժերում իր որդու ծառայության վերաբերյալ հայտարարությունների համար:

Հարցին, թե ինչու չի ծառայել իր որդին, Անդրանիկ Քոչարյանն այսպես էր պատասխանել. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու (դիմում է լրագրողին-խմբ.) նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»:

Այսօր ֆեյսբուքյան գրառման մեջ պատգամավորը նշել է, որ ավագ որդու ծառայության չանցնելու մասին հարցին իր պատասխանով նպատակ է ունեցել ընդգծել, թե Հայաստանի օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

«Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում», - գրել է նա։

Քոչարյանի հայտարարությունը քննադատությունների տեղիք էր տվել: Իրավապաշտպաններից Ժաննա Ալեքսանյանը հիշեցրել էր, որ հայկական բանակի շատ հերոսներ բարձր գիտելիքներ են ունեցել։

«Ի՞նչ կապ ունի՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, ծառայելը բարձր գիտելիքների հետ: Շատ ուրախ եմ, որ բարձր գիտելիքներ ունի։ Այնպես չի, որ զորակոչվողներից շատերը չունեն այդ գիտելիքները»,- ասել էր նա:

Քոչարյանի թիմակիցներից առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս մեկնաբանել էր՝ նշելով, որ հայոց բանակում ծառայում են «մեր արժանավոր ու լուսավոր տղաները»:

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում նշված է, որ բանակն անվտանգության ապահովման պահեստային գործիք են համարում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իմ տղան բարձրակարգ տղա է». Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է՝ որդին ինչու չի ծառայել