Քոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեց

Աջափնյակում այսօր քաղաքացիների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «համբալ» անվանեց.

«Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ: Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի ես ցավացնում ամբողջ մի ժողովրդին»,- իր ելույթում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանն արձագանքեց.

«Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ:
Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար՝ դառնում են համբալ։ Հասկացար, ա՛յ համբալ»,- ֆեյսբուքյան տեսահոլովակում երկրորդ նախագահին արձագանքել է վարչապետը:

Անդրադառնալով Մարտի 1-ին, Ռոբերտ Քոչարյանը մեղադրեց վարչապետ Փաշինյանին, ասաց. «2008-ի մարտի 1-ի դեպքերի սադրողն ու հինական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր»:

Այսօր ավելի վաղ վարչապետը քարոզարշավի ընթացքում հայտարարել էր. «Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»:

Գործի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև խորհրդարանական ընտրությունների նախորդ՝ 2021-ի քարոզարշավին, մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին՝ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով, որով Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով: Այս հոդվածի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է: Օրեր առաջ, սակայն, Գլխավոր դատախազը Ազգային ժողովում հայտարարել էր, թե փաստերը «հիմք են տալիս կարծիք հայտնել», որ այս դեպքում «գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է»:

Քոչարյանը՝ Եվրամիության մասին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարց ուղղեց՝ որևէ մեկը հավատո՞ւմ է, որ ԵՄ-ն գալու է Հարավային Կովկաս։ Դահլիճից պատասխանեցին՝ ոչ։

«Շատ լավ կլինի, որ գա, բայց չի գալու: Աշխարհագրությունն է այդպիսին, աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել: Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Հնարավոր է, որ եթե Թուրքիան, Վրաստանը դառնան, դրանից հետո 20-25 տարի հերթում կանգնես, եթե մինչ այդ ԵՄ-ն այդ տեսակով դեռ պահպանվի։ Դա մի սուտ է, որը փաթեթավորված փորձում են ծախել մեր ժողովրդին»,- հայտարարեց Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, թե ոչ մեկը չի խանգարում Հայաստանը դարձնել եվրոպական երկիր, եթե «խոսքը բարեկեցության, ազատությունների մասին է, եթե խոսքը տնտեսական զարգացվածության մասին է, սարքենք: Եվրոպայի ամենից հարուստ երկրները՝ Շվեյցարիան և Նորվեգիան, ԵՄ անդամ չեն»:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը շեշտեց. «Այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին խնդիր է բերելու: Հարավային Կովկասն այլ տարածաշրջան է. հարավում Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը և այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում սեփական ժողովրդի գլխին երրորդ անգամ փորձանք մի բերեք»։