Այս պահին Armat Media-ում քննչական գործողություններ են ընթանում: Քննիչները խմբագրության աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ սենյակներից:
Լրագրողներից Ամալյա Առաքելյանը «Ազատությանը» դռան արանքից փոխանցեց, որ քննիչներն առգրավել են իրենց հեռախոսները: Չեն բացատրել, թե ինչու:
Խմբագիր Աղավնի Սուքիասյանն ասաց, որ առգրավել են նաև համակարգիչներ:
Խուզարկությունն ու առգրավումները իրականացվել են առանց փաստաբանների:
Աղավնի Սուքիասյանը հայտնեց, որ խմբագրության 2 աշխատասենյակներ են մտել ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները: Նրանք արգելել են լրագրողներին և խմբագիրներին սենյակից դուրս գալ և զանգել իրենց փաստաբանին:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը, քրեական վարույթի շրջանակում Armat Media-ի խմբագրությունում կատարվում է խուզարկություն: Վարույթը, ըստ ՔԿ խոսնակի, վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:
Այս նույն վարույթի շրջանակում է երկու օր առաջ կալանավորվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմի առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը: