Նկարներ, զենքեր, ժամացույցի և հուշանվերների հավաքածու, դանակներ, գրիչ հուշանվերներ՝ Քննչական կոմիտեն հրապարակել է օրերս պատգարակով դատարան տարված ու կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկության կադրերը:
Իրավապահները չեն մանրամասնում, թե ի՞նչ կապ ունեն իրերն ու առարկաները Խաչատրյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործությունների հետ և արդյոք դրանք առգրավե՞լ են: Չեն նշում նաև՝ արդյոք կադրերում երևացող զենքերը օրինակա՞ն են, թե՞ ոչ:
Խաչատրյանի փաստաբան թիմը հայտարարում է, որ ՔԿ-ի կողմից հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի:
«Առգրավված բոլոր հրազենային միավորները վերցվել են դրանց օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Այս հանգամանքն ինքնին հաստատում է հրազենի օրինական պատկանելիությունը, մինչդեռ դրանց առգրավումն իրականացվել է առանց որևէ իրավաչափ հիմքի՝ դարձնելով այն ակնհայտորեն անօրինական», - ասված է հայղորդագրությունում։
Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով: Ըստ հայտարարության, առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն: Խաչատրյանի պաշտպանական թիմը նաև նշում է, որ խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
«Վերոգրյալի հիման վրա՝ պաշտպանության կողմը գտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի և 4-ի խուզարկությունների ընթացքում քննչական մարմնի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների էական խախտումներ։ Պաշտպանության կողմն իրեն իրավունք է վերապահում սահմանված կարգով վիճարկելու առգրավման գործողությունների իրավաչափությունը և պահանջելու անօրինականորեն առգրավված գույքի վերադարձը», - նշված է հայտարարությունում։
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը օրերս կալանավորվել է երկու ամսով:
Նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։