Կիևյան կամուրջը փակ է, Երևանի երթևեկությունը՝ է՛լ ավելի ծանրաբեռնված

«Հրազդան» մարզադաշտից դեպի Հաղթանակի կամուրջ իջնող հատվածն օրվա գրեթե բոլոր ժամերին խցանված է։ Բայց երբ օրերս հիմնանորոգման համար փակվեց Կիևյան կամուրջը, վարորդների պնդմամբ՝ կենտրոնին կապող ճանապարհները կաթվածահար եղան։

Կամրջի՝ արդեն վեց օր փակ լինելը ոչ միայն ավելացրել է երթևեկության ժամանակն ու ծախսը, այլև, վարորդների խոսքով, բացահայտել, որ շրջանցիկ ճանապարհային ցանցը պատրաստ չէր նման ծավալի տրանսպորտային հոսքեր ընդունելուն։
Մայրաքաղաքի փողոցներում չավարտվող շինարարությունն է՛լ ավելի է ծանրաբեռնել տեղից գերծանրաբեռնված երթևեկությունը։

Թեև ցերեկային խցանումներն անհամեմատելի են վաղ առավոտյան և երեկոյան ժամը 6-ից հետո քաղաքում տիրող իրավիճակի հետ, այդուհանդերձ, անգամ կեսօրվա 30+ աստիճան տապին մեքենաների շարասյունը մեծ ու անվերջանալի է թվում:

«Եթե դու տունը ունես երկու սանհանգույց ու ապրում ես այդ տանը և վերանորոգում ես սկսում, բնականաբար՝ դու երկու սանհանգույցը իրար հետ չես վերանորոգի ... Իսկ այստեղ ոչ մի հաշվարկ չի արվել, ստացվում է՝ երկու սանհանգույցը քաղաքապետարանը միանգամից սկսել է վերանորոգել ու մարդկանց կոլապսի մեջ է գցել». - ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» վարորդների խմբում արհեստական բանականությամբ գեներացված նկարով ու այս պատկերավոր համեմատությամբ իրավիճակը ներկայացրել է Լևոն Հարությունյանը։ Սոցիալական այս հարթակում ևս թեման թեժ քննարկվում է, քննադատության պակաս չկա՝ քաղաքապետարանի հասցեին: Անցած դարի 50-ականներին կառուցված կամուրջը, իհարկե, պետք է վերանորոգվի, փողոցները՝ ևս, բայց բանալի հարցն է՝ ինչպե՞ս։

«Մինչև Կիևյանի նման կամուրջը փակելը պիտի հաշվարկ անեին, թե այդ ամբողջ հոսքը մեքենաների ո՞ր փողոցների վրա պիտի ընկնի, արդյո՞ք պատրաստ են այդ փողոցները: Բայց, իմ կարծիքով, առհասարակ չի հաշվի առնվել, որովհետև, Երևանը ո՞նց է՝ մի փողոց փակվում է՝ ամբողջ Երևանը ծանրաբեռնվում է, առանց այն էլ ինքը ծանրաբեռնված է, չէ՞, ստացվում է, որ պետք է նվազագույնը այն առաջնային շրջանցիկ փողոցները գոնե վերանորոգեին: Իսկ մենք ունենք հիմա Պռոշյան, որը կիսաքանդ է, մենք ունենք այս ձորի ճանապարհը, որը էլի կիսաքանդ է ... Այսինքն՝ առհասարակ մենեջմենթի տեսակետից ոչ մի հաշվարկ, իմ կարծիքով, չի արվել», - ընդգծում է Հարությունյանը:

Երևանի քաղաքապետն էլ թերևս այս խցանումներից անմասն չի մնացել. այսօր գործակարգավարական նիստում ընդունեց՝ որքանով էլ այս աշխատանքները կարևոր են հատկապես անվտանգության տեսանկյունից, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում խցանումների հետ կապված։

«Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը», - հայտարարեց Տիգրան Ավինյանը:

Լևոն Հարությունյանը, մինչդեռ, դա իրատեսական չի համարում. - «Որովհետև կամուրջը եթե ոչ թե վերանորոգում են այս ասֆալտը, այլ հիմքերն են վերանորոգում, դա բավականին ծավալուն աշխատանք է»:

Քաղաքապետարանի ժամանակացույցով՝ Կիևյան կամուրջը պետք է բացվի օգոստոսի 29-ին։ Ու թեև Ավինյանը գոհ է աշխատանքային տեմպից, բայց այսօր ցերեկը վերևից «Ազատության» նկարահանման ժամանակ պատկերը, մեղմ ասած, աշխատանքային թեժ եռուզեռի մասին չէր: