«Ներվային վիճակ, ներվային վիճակ», «Օ՜, էս երկու օրը շատ ահավոր ա». - Երևանի խցանումներն են այս վարորդներին նյարդայնացնում, և ոչ միայն վարորդներին: Վիճակն այնքան վատ է, որ Իսակովի պողոտայում ուղևորներն այսօր ավտոբուսից իջել և ոտքով են Կենտրոն գնացել:
Երևանը մայիսի սկզբին Եվրոպայի լիդերներին է դիմավորելու, օդանավակայանից մայրաքաղաք բերող Իսակովի պողոտան մի քանի օր է՝ միակողմանի փակ է. ապրիլի 1-ից այնտեղ ասֆալտապատման աշխատանքներ են սկսել, ասֆալտբետոնե նոր ծածկ է տեղադրվում, Ճանապարհային դեպարտամենտն է հայտարարել ու տեղեկացրել՝ երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց գոտով: «Ազատությանն» այսօր փոխանցեցին՝ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև մայիսի սկիզբ:
Սա, ըստ վարորդների, երևանյան խցանումների պատճառներից մեկն է, բայց ոչ գլխավորը.
«Ասֆալտապատումը ոչ ժամանակին, ոչ ճիշտ ժամանակին ա: Մեքենաների քանակությամբ, էլեկտրամոբիլներն են շատացել, սաղ կապ ունեն: Իսակովի պողոտան ասֆալտապատում են ցերեկվա պիկ ժամերին, որ մեքենաները գնում են աէրոպորտ, գալիս են»:
«Տեսնում եք՝ Երևանի մեջ Երևան են սարքում, մինիմում 100 բնակարան ունի՞, ամենաքիչը 80 մեքենա կլինի՞, ո՞րտեղ են կանգնում: Էդ որ ասում էին՝ «կարմիր գիծը թանկացնենք», էն որ մի հատ ցնցող թիվ հանեցին, դատարկվե՞ց կենտրոնը»:
Երևանի քաղաքապետարանն էլ այսօր հայտարարել է՝ 71 հազար քմ փոսային նորոգման աշխատանքներ են իրականացրել: Ուղևորներն ու վարորդները կողմ են, որ փողոցները նորոգվեն, բայց ոչ աշխատանքային պիկ ժամերին: Թեև վարորդներից մեկն արդեն դժվարանում է ասել, թե որն է Երևանի պիկ ժամը, ասաց՝ ավելի հեշտ է ասել, թե որը պիկ ժամ չէ. - «Բացի կիրակի օրերից, որ մինչև ցերեկվա 1-ը ազատ ա, դրանից հետո նույնն ա, կապ չունի՝ երկուշաբթի ա, հինգշաբթի, թե ուրբաթ, բոլոր ժամերին»:
Արդեն մի քանի օր է՝ համացանցը ողողված է խցանումների կադրերով: Դավթաշենից կենտրոն առավելագույնը 20-րոպեանոց ճանապարհն այս օրերին դարձել է 1.5-2 ժամ: Ֆեյսբուքյան օգտատերերն էլ իրենց ամենօրյա ճանապարհի երկարաձգված րոպեներն են հաշվում.
«20 րոպե ճանապարհ. Երրորդ մասից հրապարակ տաքսին մինիմում 50-60 րոպե է գնում»:
«Ես Չարբախից «Հայրենիք» 7 րոպեի ճանապարհը ամեն առավոտ մեքենայով անցնում եմ 50 րոպե, իսկ եթե քաղաքի կենտրոն պիտի հասնես, պիտի հոգեմետ դեղ օգտագործես, նոր: Ի դեպ, երեկ մետրոյով գնացի հրապարակ, վերադառնալիս մեջքիցս հրեցին, որ տեղավորվեմ խցիկում, ընկնելու շանս չկար, քանի որ զակատ էի եղել»:
«24 րոպեն դարձել ա 55-60 րոպե»:
«1 ժամ 20 րոպեում Վանաձորից հասնում եմ Երևան, մեկուկես ժամում՝ Դավթաշենի կամրջից կենտրոն»:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Էվոյանն «Ազատությանն» ասաց՝ քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ ճանապարհաշինարարական լայնածաված աշխատանքներ են իրականացնում:
Հարցին՝ ինչո՞ւ դրանք ամառային արձակուրդներին չեն նախատեսել, պաշտոնյան արձագանքեց. - «Դրանք և՛ ասֆալտի փոխարինման աշխատանքներ են՝ վերին շերտի միջին նորոգման աշխատանքներ, և՛ հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ծավալը շատ մեծ է, և միանգամից ամբողջությամբ ամառվա ընթացքում կատարելը անհնար է: Հիմա եթե խնդիրները տեղային են, օրինակ՝ Իսակովի պողոտան և նրան հարող ուղղություններն են խցանված, ինչպես նաև Ավետիսյան փողոցի մի կտորին հարող հատվածներն են խցանված, հետագայում նաև կան այլ փողոցներ, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվելու, և պատկերացրեք՝ էդ ամբողջը միանգամից լինի, այսինքն՝ ամբողջ քաղաքը կլինի խցանմամբ՝ նույնիսկ էն դեպքում, եթե հաշվի առնել ամառային ամիսներին երթևեկության թեթևացումը»:
Կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին ասաց, որ ինքն էլ է խցանումների վերաբերյալ բողոքներ ստանում:
«Հույս կա՞, որ մի բան կարանք անենք ըտեղ», - հարցրեց Փաշինյանը:
«Պարոն վարչապետ, միանշանակ հույս կա», - արձագանքեց Ավինյանը: Նա վստահեցրեց՝ մայիսին Երևան կհասնեն 45 նոր տրոլեյբուսներ, դրանք, ըստ քաղաքապետի, երթևեկության բեռը կթեթևացնեն: Բացի այդ, Երևանում նախատեսում են արտապատվիրակել քարշակման ծառայությունները՝ սխալ կայանման խնդիրներն արագ լուծելու համար:
Ըստ Ավինյանի՝ խցանումների հիմնական պատճառները նաև մեքենաների թվի աճն ու վատ վարող վարորդներն են:
«Երկու կոմպոնենտ խցանումների հետ կապված. միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12 հազար ավտոմեքենա է գրանցվում և բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում, երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է, օրինակի համար՝ վերջին վայրկյանին էն դեղին լույսի տակով անցած մարդը գնում է և կանգնում է խաչմերուկի մեջտեղում, և դա էական մեծ դեր ունի», - ասաց քաղաքապետը:
Խցանումներն այնքան են հոգնեցրել, որ մարդիկ քաղաքային իշխանություններին լուծման եղանակներ են առաջարկում: Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն, օրինակ, դեռ նախորդ տարի ավելի քան 13 հազար բնակչի ստորագրությամբ նամակ է ուղարկել պետական մարմիններին՝ առաջարկելով Երևանի կենտրոն տանող ամենածանրաբեռնված խաչմերուկներից մեկում՝ Աջափնյակի Եգիպտոսի հրապարակում էստակադա կառուցել խցանումները նվազեցնելու համար։
Սարգսյանի տեսանյութում խցանումներն այնքան երկար էին, որ նա հանգիստ քայլելով զրուցում էր վարորդների հետ. - «Հիմա էս բոլոր մարդկանց ծախսած բենզինը, դիզելը, գազը, հոսանքը որ գումարես, հաստատ շատ ավելին ա, քան էստակադայի ծախսը, որը մեկ անգամ անելու ենք՝ հավերժ ծառայի»:
Մեկ տարի անց վիճակը նույնն է, նույնիսկ ավելի է բարդացել: Նաիրի Սարգսյանի հաշվարկներով՝ նախագիծը կարժենա շուրջ 1.3 միլիարդ դրամ, մոտ նույնքան՝ նաև ստորգետնյա տարբերակը: Քաղաքապետարանից, սակայն, պատասխանել են՝ փող չկա: