Կիև-Պեչորյան մայրավանքի վրա հարվածը Ուկրաինան բարբարոսություն է որակում

«Ռուսական հարվածի հետևանքով Կիև-Պեչորյան մայրավանքում հրդեհվել է Վերափոխման տաճարը։ Սա քրիստոնեական մշակույթի դեմ Ռուսաստանի խոշորագույն հանցագործություններից մեկն է», - սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով տեսանյութեր և լուսանկարներ։

Նա նշել է, որ այս պահին փրկարարներին արդեն հաջողվել է մարել տաճարի տանիքում բռնկված հրդեհը։

Զելենսկին նաև հայտնել է, որ երկուշաբթի գիշերը ռուսական հարվածների թիրախում են հայտնվել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Սումիի և Նիկոլաևի մարզերը։

«Այսպես Ռուսաստանը աշխարհին ցույց է տալիս, որ մտադիր է շարունակել պատերազմը։ Չափազանց կարևոր է, որպեսզի G7-ի երկրների արձագանքը, որոնք այժմ հավաքվել են գագաթնաժողովի շրջանակում, լինի վճռական և բովանդակային», նշել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Կիև-Պեչորյան մայրավանքի նկատմամբ ռուսական հարվածը որակել է որպես սարսափելի բարբարոսություն։

Սիբիգան հիշեցրել է, որ Կիև-Պեչորյան մայրավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված եզակի հուշարձան է և գտնվում է հատուկ պաշտպանության ներքո։

«Մենք հրատապ կարգով կձեռնարկենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մյուս բոլոր մեխանիզմների շրջանակում նախատեսված համապատասխան ընթացակարգերը՝ պահանջելով անհապաղ և համարժեք արձագանք այս պետական մակարդակով իրականացված բարբարոսությանը։ Ակնկալում ենք վճռական արձագանք միջազգային կառույցներից և պետությունների մայրաքաղաքներից», նշել է Սիբիգան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքին․ գիշերային փոխադարձ հարվածներից կան զոհեր