«Խուժանավարի տարել են». փաստաբանները չէին կարողանում մտնել Հակակոռուպցիոն՝ պաշտպանելու ձերբակալված ընդդիմադիրներին

«Խուժանավարի ճամփին կանգնեցրել, տարել են». - Մանվել Կոստանյանն առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի մի մասնաճյուղից մյուսն էր շտապել, որ իմանա՝ որտեղ է ձերբակալված որդին: Ի վերջո հասել էր գլխավոր շենքի մոտ, որտեղ խմբված էին մյուս ձերբակալվածների հարազատներն ու փաստաբանները: Այս պահի դրությամբ, վաղ առավոտից ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել առերևույթ ընտրակաշառքի գործով:

Մարինա Սեդրակյանը 35-ամյա որդու հետևից Երևան էր հասել Մասիսի Արբաթ գյուղից:

«Առավոտ շուտ եկել են, դուռը ծեծել են, երեխեն քնած էր, եկան ու տարան: Ոչ ասել են ինչի համար են տանում, ոչ մի բան: Սկզբից հեռախոսն են վերցրել, մինչև ինքը հագնվավ, տեղերից եկան տարան», - «Ազատությանը» ասաց Սեդրակյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մանրամասնում, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալել ընդդիմադիրներին: Չի մեկնաբանում նաև, թե ինչու կոմիտե շտապած փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել՝ ձերբակալվածների իրավունքները պաշտպանելու:

«Ծանոթ գործելաոճ է Հակակոռուպցիոն կոմիտեի, որովհետև սա առաջին դեպքը չի, անընդհատ կրկնվում է: Սա հերթական ապօրինությունների շարանն է, որ մենք արձանագրում ենք», - «Ազատությանն» ասաց փաստաբան Յուրա Իվանյանը:

Առավոտյան 9-ից փաստաբանները փորձում էին մուտք գործել Հակակոռուպցիոն: Իվանյանն ու գործընկերները ձերբակալվածների տվյալներն էին հավաքագրում:

«Ենթադրում եմ՝ ինչ-որ վախի, սարսափի մթնոլորտ տարածելն է, որը իմաստ չունի», - նշեց Յուրա Իվանյանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ եթե նախկինում կարող էին ներս մտնել ու հենց միջանցքի հեռախոսից զանգահարել, տեղեկություններ ստանալ և հանդիպել ձերբակալվածներին, ապա վերջերս խոչընդոտների են բախվում:

«Ասում է՝ «լիազորված չենք համար տալու», խնդրել եմ, որ «թույլ տվեք գնամ գրասենյակ դիմում գրեմ, որ անհապաղ, մեր տեղեկություններով՝ կան էդտեղ նաև հիվանդ մարդիկ, ու ամենաքիչը հոգեբանական բռնություն է գործադրվում իրենց նկատմամբ, քննչական գործողություններ են կատարվում առանց փաստաբանի», - հայտարարեց Հայրապետյանը:

Ձերբակալվածների շարքում են նաև Արբաթ գյուղի 25-ամյա վարչական ղեկավար Մարիամ Սարգսյանն ու նրա ծնողները: Փաստաբան Հայրապետյանն ասաց՝ մտավախություն ունեն, որ քննիչներն առանց իրենց հարցաքննություն կանցկացնեն, որ ցանկալի ցուցմունքներ ստանան, հետո էլ հանրային փաստաբաններ կներգրավեն: Ձերբակալվածներից մեկի դեպքում հենց այդպես էլ եղավ:

Տիգրան Հայրապետյանը փաստաբանների մուտքի արգելքի մասով հանցագործության հաղորդում է ներկայացրել, ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ, ըստ նրա, իրենց օգնելու փոխարեն ապացույցներ են պահանջել փաստաբան լինելու, ձերբակալվածների հարազատների համաձայնության մասին։ Պաշտպանի գրասենյակը դեռ չի արձագանքել:

«Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը ինձանից ավելի շատ փաստաթուղթ է ուզում, քան քննչական մարմինը: Ասում է՝ «ես պետք է վստահ լինեմ», որ ես ունեմ փաստաբանի արտոնագիր, որ հարազատը դիմել է ինձ, որ էդ մարդը իր հարազատն է, կարող է ծննդյան վկայական էլ ուզեն», - նշեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի բազմաթիվ աջակիցների է պաշտպանում և պնդում է՝ օրինակ՝ 30 մեղադրյալից 14-ի դեպքում դատարանները ոչ միայն ազատ են արձակել նրանց, այլև համարել են՝ չկա կասկած, որ նրանք հանցագործություն են կատարել: Հիշեցնում է գաղտալսումների մասին ու պնդում՝ մեղադրյալները «Մեր ձևով» կազմակերպության աշխատակիցներ են և այդ զրույցներում աշխատավարձերի թեմաներն են արծարծել:

«Չորս-հինգ ամսվա հեռախոսային խոսակցություններ են: Այսինքն՝ մարդիկ, երբ որ ընդունվել են աշխատանքի՝ հոկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին, «Մեր ձևով» հասարակական կազմակերպությունում, աշխատավարձ են ստացել, դրանից բյուջե հարկեր են գնացել», - պնդեց փաստաբանը:

Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը, որ իր առանձնատանն է նախընտրական հանդիպումներ անցկացնում, այսօր գյումրեցի համակիրներին ասել է, թե բանտում գտնվող իրենց յուրաքանչյուր աջակից շարունակում է պայքարը:

«Ամեն օր 10-15 մարդ մեզանից ձերբակալում են, չէ՞, մերոնցից: Արդեն որ չեն ձերբակալում, նույնիսկ դա անհանգստացնում է՝ ինչ-որ բան ոնց որ էսօր սենց չենք արել», - հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Հակակոռուպցիոնը, մինչդեռ, գրեթե ամեն օր այս ուժի վերաբերյալ նոր վարույթների մասին է հաղորդում՝ դրանց կցելով գաղտնալսումներ, որոնցում տարբեր անձինք գումարների մասին են խոսում: Փետրվարից ի վեր Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործությունների հոդվածներով 57 վարույթ է հարուցել, ու դրանց գերակշիռ մասը վերաբերում է հենց միլիարդատեր գործարարի առաջնորդած կուսակցությանը:

Համակիրների հետ փակ հանդիպմանը գործարարն, ըստ տարածված տեսանյութի, այսօր կրկին անդրադարձել է իր առանցքային թեզին, թե գործող իշխանությունը թույլ է տալու մոտ 300 հազար ադրբեջանցիների վերադառնալ Հայաստան:

Իշխանությունները կտրականապես հերքում են, թե նման մտադրություն ունեն:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ փաստաբանի արտոնագիրը և այլ փաստաթղթերը պահանջել են՝ ելնելով անազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ձերբակալել են ընտրակաշառքի կասկածով․ փաստաբանՌուսական ազդեցության մեղադրանքներ՝ ընդդիմությանը, վարչական ռեսուրսի չարաշահման՝ իշխանությանըՉնայած օր-օրի ավելացող քրգործերին՝ «Ուժեղ Հայաստանից» հերքում են, թե ընտրակաշառք են տալիսՀակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառքի հերթական դեպքը բացահայտելու մասինՍամվել Կարապետյանը քննադատեց ձեբակալություններն ու կալանավորումները, երկրի կառավարումը