Խուզարկվել է Փաշինյանին կոշտ քննադատած գործարարի տունը, կալանավորելու միջնորդություն կա

Արտակ Ավետիսյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Քննչական կոմիտեն խուզարկել է երկու օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանի տունը, հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնեցին, որԱվետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Կոմիտեից հայտնում են՝ Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Փաստաբանը «Ազատությանը» փոխանցել էր, որ Ավետիսյանն իրեն վերագրվող կասկածները չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում է

Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն: