Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։ Խուդաթյանն ու Ուրալօղլուն անդրադարձել են նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։
Հանդիպման մասին X-ի իր էջում հայտնել է նաև Ուրալօղլուն՝ նշելով, որ Խուդաթյանի հետ քննարկել են նախկինում երկու երկրների միջև գործած ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային կապերի վերականգնման հարցերը։
«Մեր երկրում անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ մենք նաև գնահատել ենք հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները», - նշել է թուրք նախարարը։
Հանդիպումը կայացել է Բրյուսելում անցկացվող «Կապուղիների օրակարգի հարթակի» շրջանակներում: Այս հարթակի նպատակն է նպաստել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ կապերի ամրապնդմանը: