Խարկովում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 10 զոհ կա

Ռուսական հարվածների հետևանքները՝ Խարկովում, օգոստոսի 18,2026թ.

Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզի գյուղերից մեկում այսօր ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել։ X-ում նախագահ Վլադիմիր Զելենսկին է այս մասին գրառում արել՝ ընդծելով, որ պատասխանելու են ռուսական հարվածին։

«Այսօր առավոտյան ռուսները դաժան հարձակում են իրականացրել Խարկովի մարզի Պեչենիհի գյուղի մարդաշատ խաչմերուկի վրա, որտեղ փոստային բաժանմունք և խանութներ կան, իսկ շրջակայքում՝ միայն բնակելի շենքեր»,- գրել է Զելենսկին՝ հրապարակելով նաև ավերված շենքի, այրվող մեքենաների և պատգարակներով մարդկանց տեղափոխող փրկարարների լուսանկարներ։

Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը էլ Telegram-ում հայտնել է, որ հարձակման հետևանքով ևս 17 մարդ է վիրավորվել։ Սինեգուբովի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել է 10 մասնավոր տուն, սրճարան, փոստային բաժանմունք, խանութ և առնվազն յոթ ավտոմեքենա։

Խարկովը՝ ռուսական հարվածներից հետո, օգոստոսի 18, 2026թ.

Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Ռուսաստանը կիրառել է երկու փոքր «Բանդերոլ» տեսակի թևավոր հրթիռ։

Ռուսաստանը հարձակման վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի արել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է