Կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Քննչականը կքննի հանգամանքները

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքից Կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել:

Հաստատելով փաստը՝ Կենդանաբանական այգին իր հաղորդագրությունում տեղի ունեցածը պայմանավորում է կենդանու մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, «ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով»:

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է», - ասված է Կենդանաբանական այգու հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա:

Երևանի քաղաքապետարան երեկ տեղեկացրեց, որ քննչական գործողությունների ընթացքում իրենց առաջարկով «մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի»։ «Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո», - վստահեցրել էին քաղաքապետարանից:

Քննչականն էլ հաղորդեց, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի, առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություններ՝ Ծառուկյանի տանը և բիզնեսներում. ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց, կալանքի միջնորդություն կներկայացվի