Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի և փողոցային պայքարը ճիշտ պահին գեներացնելու մասին:
«Առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է։ Այն ընդդիմադիր ուժը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա», - հայտարարում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» համագործակցության առաջարկը։
«Գաղափարը, որը առաջարկվել է, մենք ամբողջությամբ ոչ միայն կիսում ենք, այլ այդ առաջարկով դրանից առաջ և բազմաթիվ անգամ հանդես եկել ենք, հետևաբար ողջունելի է այս նախաձեռնությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Թե ինչ ձևաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե կոմիտե, Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պարզ կդառնա քննարկումների ընթացքում։
Կարևորն, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։
Իսկ ընդդիմության օրակարգում մի քանի հարցեր են. Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ՝ «կեղծված ընտրությունները, Փաշինյանի կողմից Ադրբեջանին արվելիք նոր տարածքային զիջումներն ու փլուզման առջև կանգնած տնտեսությունը»։
«Բնականաբար սեղանին կան կեղծված ընտրությունները։ Գլխավոր օրակարգը այն զիջումներն են, որ պատրաստվում է անել, հիմա պատրաստվում են դա անել, Հաջիևի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»,- նշում է Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքի անդամն ավելացրեց նաև.- «Հենց հիմա պատրաստվում ենք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Բավական հիմնավոր փաթեթներ են ներկայացվելու, ընտրությունների կեղծման վերաբերյալ կոնկրետ օրինակներով, փաստերով, և ՍԴ-ն, երբ սկսի քննարկել այդ հայցերը, 5–6 ուժ հայտարարել է դիմելու մասին, նաև քննարկում ենք հնարավորություններն այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու, և մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով»։
Հարցին՝ դեռևս ակնկալիք ունե՞ն, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ կնշանակի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Անշուշտ, մենք լավ հասկանում ենք, որ ՍԴ-ն ՔՊ-ի կողմից ձևավորված դատարան է, բայց առնվազն մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել՝ ծառայում է Հայաստանին և Սահմանադրությանը, այլ ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը թող ընտրի, որ ճանապարհով է գնում, ըստ այդմ՝ մենք կընդունենք մեր հետագա որոշումները»։
«Ազատություն».- Մինչ Սահմանադրական դատարանը կքննի, որոշում կկայացնի, այդ ընթացքում բողոքի ակցիանե՞ր են լինելու։
Իշխան Սաղաթելյան.- «Կարծում եմ՝ այո։ Վերջնական ինչ-որ բան հիմա չասեմ, բայց տրամադրությունը դա է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, դրանց անհատապես ջախջախելու եմ». Փաշինյանը սպառնաց ընդդիմությանըԸնդդիմադիր ուժերի սպասվող հանրահավաքի մասին մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը: Սամվել Կարապետյանը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե այն երբ է սպասվում՝ ասելով, թե պետք է ճիշտ գնահատել «փողոցը գեներացնելու պահը»:
«Միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե տեսնենք՝ վաղը անում ենք ու վերջացնում ենք այս ադրբեջանաթուրքական կինոն, ուրեմն կանենք, եթե տեսնենք՝ մի ամիս է պահանջվում, կանենք մի ամիս»,- նշեց Կարապետյանը։
Խոսելով ընդդիմադիր ուժերի միավորման մասին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը փակագծեր է բացել, ասելով, թե ծրագրում են իրենց առաջին նիստին հրավիրել տարբեր երկրների դեսպաններին՝ ներառյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, փորձելով ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում և ինչ վտանգների առջև է կանգնում երկիրը:
Սամվել Կարապետյանի խոսքով.- «Դիմելու ենք Ռուսաստանին, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել այս պրոցեսը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի։ Սա վերաբերում է հայ ժողովրդին, այս սահմաններ փակելը, գյուղմթերքի ներմուծման արգելքներ դնելը, դա պետք է մեկ օր շուտ կանգնեցնել, փորձելու ենք ամեն ինչ անել, հասկացնենք Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժում է հայ ժողովուրդն ու հայ բիզնեսմենը»։
Ընդդիմությունը կվերցնի՞ մանդատները
Խորհրդարան անցած 2 ուժերը՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքն առայժմ չեն հստակեցնում՝ կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ։ Կարապետյանն էլ ուղիղ այդ հարցին չպատասխանեց՝ ասելով, թե դա պետք է քննարկել ժողովրդի հետ՝ բաց, ուղիղ եթերում՝ ցույց տալով և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու առավելություններն ու բացասական կողմերը: Ամեն դեպքում, Կարապետյանը պնդեց, թե Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք մանդատները չվերցնեն։
«Պատրաստ ենք երկուսին էլ։ Բայց պետք է անենք առավելագույն ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր Սահմանադրությունը»,- հայտարարեց Կարապետյանը։
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էլ առայժմ մանդատները վերցնելու հարցի շուրջ հստակ դիրքորոշում չեն արտահայտում, նշելով, որ հարցը պետք է քննարկվի միասնական ընդդիմության ֆորմատով: Ամեն դեպքում Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը նույնպես համոզված է՝ Փաշինյանին ձեռնտու է, որ ընդդիմադիր ուժերը մանդատները չվերցնեն:
Իշխան Սաղաթելյանի խոսքով.- «Կարևորում ենք ընդդիմության միասնական դիրքորոշումը։ Պարզ ասում եմ՝ հեշտ խնդիր չի»։
«Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ» . Սամվել Կարապետյան
Հունիսի 7 -ի ընտրություններում 49.74 տոկոս ձայներ ստացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընդդիմադիր ուժերին ընտրակաշառքով խորհրդարան անցնելու մեջ: «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն ի պատասխան նույն մեղադրանքը Փաշինյանին է ուղղում՝ ընդգծելով.- «Ով մեր կուսակցության կողմից ընտրակաշառք՝ թեկուզ 100 դոլար բաժանել է, նա Նիկոլ է»:
Երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ անձամբ ջախջախել ընտրակաշառք բաժանած եռագլուխ ուժերի առաջնորդներին, իսկ դրան ընդդիմացողներին էլ կոչ արեց դուրս գալ փողոց և հեղափոխություն անել։
Ի պատասխան, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը հիշեցրեց ընդդիմադիրների հավաքած ձայները՝ պնդելով, թե իրենք այլևս 3-ով չեն, շատացել են ու դեռ կշատանան:
«Արդեն եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, իրենք պետք է գործ ունենան ոչ թե 3 գլխի հետ, այլ 6-ից 700 հազար գլխի հետ»,- ասաց Սամվել Կարապետյանը։