Թուրքիայի հայտնի բարերար և հասարակական գործիչ Օսման Քավալան իշխանություններից պահանջել է իրեն ազատ արձակել՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման։
Իր կայքում հրապարակված գրավոր հայտարարությունում թուրք մտավորականն ու ակտիվիստը նշել է, որ ազատության իրավունքը չպետք է սահմանափակվի, եթե առկա չէ հանցագործության վերաբերյալ համոզիչ և կոնկրետ ապացույց։
Մի քանի օր առաջ Ստրասբուրգի դատարանը որոշում էր կայացրել Թուրքիայի դեմ՝ Քավալայի դատավարության և կալանավորման վերաբերյալ։ Դատարանը եզրակացրել էր, Անկարան Քավալային լռեցնելու նպատակ է հետապնդել, և կոչ էր արել նրան անհապաղ ազատ արձակել՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների հիմքով։
Քավալան 2017 թվականից պահվում է Ստամբուլից ոչ հեռու գտնվող Սիլիվրիի բարձր անվտանգության բանտում։ 2022 թվականին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։
Քավալային մեղադրում էին 2013 թվականի «Գեզի» զբոսայգու զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում իշխանությունը տապալելու փորձի կազմակերպման մեջ։ Քավալայի հետ միասին դատապարտվածների թվում են Ստամբուլի քաղաքային խորհրդի անդամ, պատգամավոր և փաստաբան Ջան Աթալայը, ինչպես նաև քաղաքաշինարար Թայֆուն Քահրամանը։