Անհամաչափ, ոչ հստակ, չարդարացված. այսպես է նկարագրում Երևանի Մամուլի ակումբի նախագահը պատգամավորների սեղանին դրված օրինագիծը: Դրանով Կառավարությունն առաջարկում է դիտարկել Հայաստանի քաղաքական կյանքի մասին օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդումները, հայտնաբերել երկրի ներքաղաքական կյանքին միջամտողներին ու դադարեցնել հաղորդումները:
«Առհասարակ տպավորությունն այսպիսին է, որ սրանով փորձ է արվելու դաշտում որոշակի ինչ-որ սառեցնող էֆեկտ ստանալ, զգուշացնել, սաստել և պլյուս, իհարկե, այո՝ պատժել նրանց, ովքեր իշխանություններին ոչ հաճո ձևակերպումներով կգործեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Պապյանը:
Երեկվանից խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Ըստ նախագծի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտությո՞ւն է հայաստանյան ներքաղաքական կյանքին, թե՞ ոչ: Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը: Պապյանը սա համարում է կացնային միջամտություն, որը կարող է վտանգել ժողովրդավարական, ընտրական գործընթացները:
«Ի՞նչ է նշանակում միջամտել ներքին գործերին իր լրատվամիջոցով, լրատվությամբ: Պարզ է, չէ՞, որ ընտրական միջավայրում ցանկացած տեղեկատվություն կարող է և՛ ձևակերպվել, և՛ դիտարկվել որպես ընտրական միջամտություն: Մյուս կողմից՝
լրատվամիջոցների ֆունկցիան էլ հենց դա է, որպեսզի քաղաքացիներին, միջամտեն, այսպես ասած, ուղղորդեն և օգնեն իրականացնել ճիշտ ընտրություն», - ընդգծեց ԵՄԱ նախագահը:
Մեդիափորձագետը կիսատ-պռատ է որակում օրինագիծն ու միաժամանակ ընդգծում՝ նման փոփոխության կարիքը կար, բայց՝ ոչ այս տեսքով:
«Երբ խոսքը վերաբերում է որակյալ լրատվամիջոցներին, այսինքն՝ լրատվամիջոցներին, որոնք ունեն որոշակի չափորոշիչներ, որտեղ դու կարող ես դիմել, ստանալ պատասխանի իրավունք, իմաստը այսպիսի կարգավորումների ես չեմ տեսնում», - ասաց ԵՄԱ նախագահը:
Պապյանի խոսքով՝ պետք էր հստակ սահմանել, որ այս օրենքն ուղղված է առաջիկա ընտրություններին կամ քաղաքական գործընթացներին, և հենց դրա շրջանակում էլ մշակվել է: Բայց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին ու այս կամ այն ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցներին չպետք է դնել նույն հարթության վրա:
«Օրինակ՝ կա BBC, որը կարող է լուսաբանել Հայաստանում ընտրական գործընթացները, հիմա ի՞նչ, BBC-ին դնելու են, չափեն, օրինակ, ինչ-որ մի վերացական կաբելային ալիքներում գործող հերթական TV-ի հետ, որը ինչ ասես ասում է Հայաստանի հասցեի՞ն», - նշեց Արթուր Պապյանը:
«Էս կարգավորումը շատ ենք ուշացրել». նախարար
Մինչ մեդիափորձագետն առաջարկում է այս օրենքով սահմանափակումներ դնել միայն ոչ թափանցիկ ֆինանսավորմամբ ու մեդիադաշտում մանիպուլյացիաներ անող քարոզչամիջոցների վրա, նախագիծը մշակած բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր՝ սրա կարիքը վաղուց կար, և սա ամենևին նախընտրական շրջանի համար չէ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ
«Սա արվում է տեղեկատվական անվտանգությունը պատշաճ կերպով մեր քաղաքացիների և մեր երկրի համար ապահովելու համար, որը դեռևս երեկ պիտի արվեր: Մենք շատ ուշացել ենք, էս կարգավորումը շատ ենք ուշացրել, իմ կարծիքով», - ասում էր նախարարը:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ քարոզչական հարձակումների հետևում հիմնականում Ռուսաստանին են տեսնում: Երեկ նախարար Հայրապետյանն իր անձնական կարծիքն էր հայտնում, թե ինչ է հասկանում հայաստանյան ներքաղաքական կյանքին միջամտություն ասելով: Մինչդեռ օրինագծում այս արտահայտության բացատրությունը չկա:
«ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում, ըստ իս, այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում՝ պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ», - հայտարարում էր Հայրապետյանը:
«Շատ սուբյեկտիվ է ձևակերպումը». ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիրները, սակայն, հակադարձում էին՝ օրինագծում չկան հստակ չափորոշիչներ: Գեղամ Մանուկյանը հարցնում էր՝ «ինչպե՞ս եք ստուգելու, չափելու այդ միջամտությունը»:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ
«ՀՌԱՀ-ում ճաշակով մարդիկ են նստած, օրինակ՝ Հակոբ Մովսեսը: Երբ որ հարց քննարկվի, օրինակ, թե TRT-ն, օրինակ, Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարե՞նք միջամտություն, թե՞ չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի, բայց էն Սոլովյովը որ հերթական անգամ էշ-էշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է: Դրա համար եմ ասում՝ շատ սուբյեկտիվ է ձևակերպումը», - պնդում էր դաշնակցական պատգամավորը:
Նախարար Հայրապետյանն էլ հակադարձում էր՝ նախարարությունն ինքը չի ստուգելու, դա անելու են հանձնաժողովի պրոֆեսիոնալները: Եվ այս բոլոր հարցերը տեղ կգտնեն օրենքից հետո ենթաօրենսդրական ակտերում:
Ի դեպ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ նախագծից կհանվի մտահոգության առիթ տված կետը՝ ներքաղաքական կյանքին միջամտությունը: Բայց այն չհանվեց, ավելին՝ օրենքի հեղինակ նախարար Հայրապետյանը երեկ վստահեցրեց՝ չի էլ հանվելու: Նախագիծն առաջին ընթերցմամբ վաղը կդրվի քվեարկության: