«Քաշքշուկներից մինչև հույսի պատուհան». փաստաբաններին հաջողվել է ստանալ Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալները

Ադրբեջան - Արցախցի Կարեն Ավանեսյանը Գյանջայի դատարանում, արխիվ

Գրեթե երեք ամիս տևած բյուրոկրատական քաշքշուկից հետո փաստաբաններին հաջողվել է վերցնել ադրբեջանական բանտում պահվող արցախցի տղամարդու հոգեկան առողջության մասին փաստաթղթերը:

58-ամյա Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալների մի մասը պատճենների տեսքով Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան, բայց Առողջապահության նախարարությունը մերժում էր տրամադրել դրանք՝ բժշկական գաղտնիքի պատճառաբանությամբ: Փաստաբան Արա Ղազարյանն ասում է՝ իրենք միջազգային դատարանին հայտնել էին առողջական խնդրի մասին, բայց չէին կարողանում ուղարկել բժշկական տեղեկանքը:

«Դա ապացույց է, որը մենք պարտավոր ենք ներկայացնել Եվրոպական դատարան, որովհետև եթե ինչ-որ պնդում ենք ներկայացնում, պետք է դրա վերաբերյալ ապացույց էլ ներկայացնենք: Հիմա մենք ունենք անուղղակի ապացույց, ուղղակի ապացույցները Ստեփանակերտում են՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ շարունակելով. - «Ի վերջո, Ադրբեջանը օկուպացրել է այդ տարածքը, և գտնվում է նրա արդյունավետ հսկողության ներքո, այսինքն՝ իրենց համար հասանելի է: Մենք միջնորդելու ենք Եվրոպական դատարան, որպեսզի Ադրբեջանից ուզի ուղղակի ապացույցները առողջական վիճակի մասին»:

Փաստաբան Արա Ղազարյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 3-ը մարտի, 2026թ.

Փաստաբանը հույս ունի, որ այս փաստաթղթերը կարող են հետագայում ազդել Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարանի որոշման վրա, որ հոգեկան խնդիր ունեցող մարդուն մեղադրել է ծանր հանցագործության մեջ ու դատապարտել է 16 տարվա ազատազրկման: Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել միանգամից 8 հոդվածներով, ըստ Բաքվի՝ նա ահաբեկչություն էր նախապատրաստել անցած տարի Ստեփանակերտ նախագահ Ալիևի այցի օրը:

Փաստաբան Ղազարյանն այժմ զբաղված է Ստրասբուրգի դատարան ուղարկվելիք փաստաթղթերի փաթեթը կազմելով: Այս ամիս դրանք կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

«Ես կարծում եմ՝ դա կօգնի մեզ, որպեսզի մենք ապացույցի բեռը տեղափոխենք Ադրբեջանի վրա՝ ստեղծելով վիճելի հարց: Իսկ մինչև հիմա մենք ներկայացնում էինք, որ այսպիսի հարց կա վիճելի, բայց ապացույց չէինք ներկայացնում: Հիմա մենք արդեն ունենք ապացույց, և կարծում եմ՝ Եվրոպական դատարանը արդեն Ադրբեջանից կպահանջի հերքել մեր ներկայացրածը», - նշեց Արա Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով՝ Բաքուն Եվրադատարան է ուղարկել տվյալներ, թե արցախցի տղամարդը առողջական որևէ խնդիր, այդ թվում՝ հոգեկան, չունի: Հայկական կողմի փաստաթուղթը, սակայն, ՄԻԵԴ-ին հնարավորություն կտա ամբողջական իրական պատկերացում ստանալ:

«Մնացածը արդեն փաստերի արժանահավատությունից է կախված: Երբեմն դատավարությունում բանը հասնում է նրան, որ ստիպված պետք է դատարանը ինքնուրույն ուսումնասիրի, թե կողմերից որ մեկի ներկայացրած ապացույցներն են ավելի արժանահավատ, ավելի վստահելի ապացույցներ, ավելի ամբողջական, և այլն, և այլն: Դատավարությունը, ինձ թվում է, այդ ուղղությամբ է առաջնորդվելու», - ասաց Ղազարյանը:

Եվրոպական դատարանում հայաստանցիների շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով՝ Կարեն Ավանեսյանի գործում դատարանի համար կարևոր փաստարկ է նաև Բաքվի պահվածքը: Դեռ հոկտեմբերին դատարանը հրատապ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է Ավանեսյանին հնարավորություն տալ կապ հաստատել փաստաբանի, հարազատների հետ: Բաքուն մինչև հիմա չի կատարել այս որոշումը:

«Այն հանգամանքը, որ այդպես էլ չկատարվեց դատարանի որոշումը՝ Կարեն Ավանեսյանին հնարավորություն տալու զանգելու իր փաստաբաններին կամ հարազատներին, այդ բացթողումը Ադրբեջանի կողմից կարող է հետագայում դեր ունենալ վճռի կայացման առնչությամբ», - ընդգծեց Արա Ղազարյանը:

Որ բժշկական այս տեղեկանքը կարևոր հիմք է ՄԻԵԴ-ի հետագա որոշումների կայացման համար, կարծում է նաև «Արցախ» միության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Այս տեսանկյունից կարևոր կլինի, որ բացվի Կարեն Ավանեսյանի հետ հաղորդակցության մեխանիզմը, և երկարաժամկետ կտրվածքով քննարկել ու գտնել լուծումներ նրան հայրենիք վերադարձնելու համար: Բայց սա բավականին երկար ճանապարհ է, և ես վստահ եմ, որ այդ ճանապարհը հիմնականում ՄԻԵԴ-ի միջոցով պետք է անցնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեգլարյանը:

Արցախի նախկին օմբուդսմենը լիազորված է ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող տղամարդու անունից հանդես գալ Եվրադատարանում: Հույս ունի, որ արցախցի տղամարդու ազատության համար Եվրոպական դատարանը մի դուռ կբացի. - «Հա, միանշանակ, որովհետև մի բան է սովորական անձ, մեկ այլ բան է հոգեկան խնդիրներ ունեցող անձ: Ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանություն ոլորտում հոգեկան խնդիրներ ունեցող անձինք համարվում են ամենախոցելի խմբերին պատկանող անձինք»:

Կարեն Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էին Ստեփանակերտում: Անցած սեպտեմբերին նրան ձերբակալեցին ու պնդեցին, թե Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու հինգ նռնակներով փորձել էր մոտենալ այն վայրին, որտեղ Ալիևի այցի կապակցությամբ միջոցառում էր: Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են՝ Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»: Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ էր տարածել ու դա որակել «ահաբեկչության նախապատրաստություն»: Բայց այդտեղ Ավանեսյանը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ՝ հակառակ ուղղությամբ:

Կարեն Ավանեսյանից բացի Բաքվի բանտերում են ևս 19 հայեր, այդ թվում` Ղարաբաղի նախկին ղեկավարները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բժշկական գաղտնի՞ք, թե՞ հանցավոր անգործություն. Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալները ստանալ փաստաբաններին չի հաջողվում«Արդարադատության իսպառ բացակայություն». իրավապաշտպանը՝ Ադրբեջանում Ավանեսյանի դատավճռի մասինԱդրբեջանը 16 տարվա ազատազրկման դատապարտեց արցախցի Կարեն ԱվանեսյանինԱդրբեջանում դատվող Ավանեսյանի առողջության տեղեկանքը՝ փակի տակ. փաստաբանները չեն կարողանում այն ստանալ՝ ուղարկելու ՄԻԵԴ«Բաքուն լեգենդ է հյուսում». Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանին Ադրբեջանում սպառնում է 18 տարվա ազատազրկում Գյանջայում մեկնարկել է Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանի դատավարությունը Ստեփանակերտում կատուներին կերակրող Կարեն Ավանեսյանը՝ Բաքվի ներկայացրած «ահաբեկիչ»Ըստ Ադրբեջանի ոստիկանության՝ Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը, նա ձերբակալության ժամանակ վիրավորվել է