Կառավարությունը առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց Կառավարության մարտի 12-ի նիստում։
Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Պաշտոնապես պարգևավճարների բաժանման այս որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։
Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ՝ Ազգային ժողովի պատգամավորների հաշվին մուտք էր եղել 3 մլն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ «Հետք»-ի, 2025-ի վերջին ստացել էր 12 մլն դրամ պարգևավճար, չհաշված աշխատավարձը։ Այսօր Կառավարության նիստում նա միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին», - վստահեցրեց Փաշինյանը, նաև ասաց, որ դա հակակոռուպցիոն քաղաքականության մաս է։
Միլիոնավոր դրամների պարգևավճար ստացած նախարարները, փոխնախարարները, սակայն, մինչ այս պահը չեն գաղտնազերծել իրենցից յուրաքանչյուրի ստացած պարգևավճարի չափը՝ չնայած հայտարարված թափանցիկ, ազնիվ և հակակոռուպցիոն նպատակներին։ Նրանք առաջարկում են սպասել ամիսներ անց իրենց կողմից ներկայացվելիք հայտարարագրերին։ Մինչդեռ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրի ներկայիս ձևը չի առանձնացնում և թույլ չի տալիս ամբողջական ու լիարժեք պատկերացում կազմել միայն պարգևավճարի գծով նրանց ստացած եկամտի մասին։
Մկրտիչ Կարապետյան