Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագծին:
Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է այս տարվա հունվարին՝ Դավոսում՝ մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ միասին:
Ֆինանսների նախարարությունն օրինագծի վերաբերյալ տեղեկանքում նշել է, որ կազմակերպության կանոնադրությունում «ֆինանսական պարտվորություններ նախատեսող» դրույթներ կան, և դա ենթադրում է պետբյուջեի ծախսերի ավելացում: Ըստ Խաղաղության խորհրդի կանոնադրության՝ դրա անդամները պետք է վճարեն 1-ական միլիարդ դոլար անդամավճար: Պետությունների մանդատը սահմանափակվելու է երեք տարվա ժամկետով, եթե նրանք չվճարեն գումարը, չեն ստանա մշտական անդամակցության կարգավիճակ։ 1 միլիարդ դոլարը Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10.5 տոկոսն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում մի կողմից ասաց, որ Հայաստանը ֆինանսական ոչ մի պարտավորություն չունի, մյուս կողմից էլ պնդեց, թե Հայաստանը պետք է «մասնակցություն ունենա»:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա աղքատ ազգականի կարգավիճակից, որ բոլորը տեղերը գնում է, վիզը ծուռ անկյունում կանգնած ... մենք մասնակցում ենք, պետք է մեր չափով ներդրում ունենանք: Ոչ մի պարտավորություն չունի Հայաստանը, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք: Եվ կունենանք մասնակցություն», - ասաց վարչապետը՝ հրաժարվելով նշել գումարի չափը:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելուց առաջ կուղարկվի Սահմանադրական դատարան, որպեսզի որոշվի դրա՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
ԱՄՆ-ից, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, խորհրդի կանոնադրությունը ստորագրել են ևս 16 պետություններ՝ Արգենտինան, Բահրեյնը, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Մոնղոլիան, Մարոկկոն, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը: