Կառավարությունն ընդունեց 2027-ի պետբյուջեի նախագիծը. որ ոլորտում որքան են նախատեսում ծախսել

Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունեց 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը. գործադիրը նախատեսում է հաջորդ տարի շուրջ 4.1 տրիլիոն դրամ ծախսել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 11 միլիարդ 120 միլիոն դոլար, այս տարվա համեմատ ծախսերը կմեծանան 12.24 տոկոսով, հաջորդ տարի պետական բյուջեի պակասուրդը շուրջ 1.29 միլիարդ դոլար կկազմի, այսինքն՝ ծախսերն իրականացնելու համար այդքան պարտք կվերցնի: Օգոստոսի ավարտին Հայաստանի պետական պարտքը շուրջ 14.3 միլիարդ դոլար է կազմել:

Կառավարությունը որ ոլորտում որքան է նախատեսում ծախսել հաջորդ տարի.

Ռազմական բյուջեն աճում է

Պաշտպանության նախարարությանը շուրջ 620 միլիարդ դրամ կտրամադրեն՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.7 միլիարդ դոլար. այս տարվա համեմատ պաշտպանական ծախսերը մեծանում են շուրջ 9.5 տոկոսով:

Պաշտպանական ծախսերը նաև Ադրբեջանն է ընդլայնում՝ 1.1 տոկոսով. հաջորդ տարի Ադրբեջանը նախատեսում է այս ուղղությամբ շուրջ 5.20 միլիարդ դոլար ծախսել՝ Հայաստանից ավելի քան երեք անգամ շատ:

Առողջապահություն

Առողջապահության նախարարությանը շուրջ 350 միլիարդ դրամ կտրամադրեն՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 960 միլիոն դոլար, առողջապահական ծախսերն ընդլայնվում են շուրջ 65 տոկոսով:

Նախարարությանը տրամադրված գումարի զգալի մասը՝ շուրջ 760 միլիոն դոլարն առողջության համապարփակ ապահովագրության համակարգին են ուղղելու. 2027 թվականից ապահովագրությունից կկարողանան օգտվել նաև 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողները:

Սոցիալական ոլորտ. Մինուս թաղման նպաստ, պլյուս 1000 դրամ կենսաթոշակ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը շուրջ 1.1 տրիլիոն դրամ են նախատեսում հատկացնել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 3 միլիարդ դոլար, նախարարության բյուջեն ընդլայնվում է շուրջ 9.2 տոկոսով: Նախարարության բյուջեի զգալի մասը՝ շուրջ 1.85 միլիարդ դոլարը կհատկացնեն կենսաթոշակների վճարումներին:

Կառավարությունն, ի դեպ, ծրագրում է դադարեցնել թաղման նպաստներ տրամադրել ու այդ գումարով 1000 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը:

Թաղման նպաստներից զատ, կրճատում են նաև մի շարք այլ սոցիալական ծախսեր՝ անապահովության նպաստների բյուջեն կրճատում են շուրջ 10 միլիարդ դրամով, տարեց և հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքի համար նախատեսված գումարը նույնպես կրճատում են՝ շուրջ 350 միլիոն դրամով:

Պետական պարտքն էլի կաճի

Ֆինանսների նախարարությանը շուրջ 447 միլիարդ դրամ եմ նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.23 միլիարդ դոլար. այս գումարի հիմնական մասը՝ շուրջ 1.15 միլիարդ դոլարը ծրագրում են ուղղել պետական պարտքի սպասարկմանը՝ մարումներին ու տոկոսագումարների վճարումներին, նախարարության բյուջեն մեծանում է շուրջ 2 տոկոսով:

Կրթության նախարարությանը շուրջ 440 միլիարդ դրամ են նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 120 միլիոն դոլար, նախարարության բյուջեն կընդլայնվի շուրջ 3.8 տոկոսով:

Տարածքային կառավարման նախարարությանը շուրջ 363 միլիարդ դրամ են նախատեսում հատկացնել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 995 միլիոն դոլար, նախարարության ծախսերն ընդլայնվում են շուրջ 11.6 տոկոսով:

Ներքին գործերի նախարարությանը շուրջ 145 միլիարդ դրամ են ծրագրում հատկացնել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 400 միլիոն դոլար, նախարարության բյուջեն ընդլայվում է շուրջ 40.4 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարությանը շուրջ 85 միլիարդ դրամ են նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 230 միլիոն դոլար, նախարարության բյուջեն ընդլայնվում է շուրջ 12 տոկոսով:

2027 թվականի պետական բյուջեի նախագիծը կհաստատվի, երբ արժանանա նաև Ազգային ժողովի հավանությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամովԿառավարությունը մտադիր է 468 մլրդ դրամի պարտք վերցնելՀայաստանը 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում