«Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պարոն Կարապետյա՛ն, Սամվել Կարապետյա՛ն». - չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ վարչապետի իրենց թեկնածուն միլիարդատեր գործարար, այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն է:
Քաղաքականություն մտած Կարապետյանների թիմը, ամիսներ շարունակ պահելով ինտրիգը, վարչապետի թեկնածուի անունը ի վերջո հնչեցեց այսօր՝ Մարզահամերգային համալիրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին՝ հոտընկայս ծափերի ներքո:
«Պատմե՞մ ինչպես է դա լինելու, ժողովուրդ ջան, պատմեմ», - հայտարարեց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
60-ամյա գործարարը մի քանի երկրի քաղաքացիություն ունի, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ և՛ վարչապետի, և՛ պատգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը: Այսինքն՝ Կարապետյանը վարչապետ չի կարող լինել:
Միլիարդատեր գործարարի թիմը, սակայն, այս սահմանադրական արգելքը հաղթահարելու իր ձևն է գտել. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում և մեծամասնություն վերցնելով՝ խորհրդարանի միջոցով փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը:
Այս դրույթը վերաբերում է Կառավարության անդամին ներկայացվող պահանջներին, որը սահմանում է, որ Կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը, պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, այսինքն՝ և՛ վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի, և՛ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակություն ունենա:
«Ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը՝ փոփոխվում է Ազգային ժողովում, Ազգային ժողովի քվեարկությամբ, և ոչ թե սահմանադրական բարեփոխումներով», - ասաց Նարեկ Կարապետյանը:
Պնդելով, թե իրենց պլանը Սահմանադրության հետ որևէ խնդիր չունի, և 148-րդ հոդվածի փոփոխությունը հանրաքվե չի պահանջում, «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց մի շարք իրավաբանների, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքները, ովքեր ևս պնդեցին, որ այդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե պետք չէ:
«Այո, Ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին և Կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները», - ասաց, մասնավորապես, Ալվինա Գյուլումյանը:
Հաշվի առնելով մասնագետների պնդումները՝ Կարապետյանները մտադիր են իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո փոխել Սհամանադրության 148-րդ հոդվածը:
«Մեր ծրագիրը հետևյալն է. ընտրություններից 20 օր անց Ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ ժողովրդի վստահությամբ և Ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Արդյո՞ք Սամվել Կարապետյանը պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից
Սակայն Նարեկ Կարապետյանն այդպես էլ չպարզաբանեց՝ արդյո՞ք իր այդ հայտարարությունը նշանակում է, որ հորեղբայրը առաջիկայում պատրաստվում է հրաժարվել այլ երկրների, ներառյալ՝ Ռուսաստանի քաղաքացիությունից: Եվ հետևաբար՝ իրենք նպատակ ունեն օրենքում փոփոխել միայն բնակության ցենզին վերաբերող դրույթը, այսինքն՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջը:
Ո՞վ կգլխավորի «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը
Պարզ չէ նաև մեկ այլ կարևոր հարց՝ ո՞վ է գլխավորելու «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը:
Սամվել Կարապետյանը, լինելով երկքաղաքացի, նաև չի կարող պատգամավորի թեկնածու լինել և հետևաբար չի կարող լինել կուսակցության նախընտրական ցուցակում:
Այս հարցերին «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամները, այդ թվում՝ գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, այսօր հրաժարվեցին պատասխանել: Կուսակցության շնորհանդեսից հետո լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չտրվեց:
«Վստահ եղեք, թաքցնելու բան չկա, բոլորը, ամեն ինչ կներկայացնենք: Կխնդրեի, հետո, հետո մենք կմեկնաբանենք, լա՞վ, շնորհակալ եմ», - ասաց Նարեկ Կարապետյանը:
Մինչ կպարզվի, թե ով է գլխավորելու Կարապետյանների նախընտրական ցուցակը, Մարզահամերգային համալիրում հավաքված շուրջ 2 հազար կուսակցականներին և համակիրներին այսօր ուղերձով դիմեց «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն՝ այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը:
«Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար», - ասված էր ուղերձում:
Միլիարդատեր գործարարի կալանքին առնչվող սահմանափակումներով պայմանավորված՝ Կարապետյանի խոսքը գեներացվել էր AI-ով՝ արհեստական բանականությամբ, և ինչպես քաղաքական ուժից են փոխանցում՝ գործարարի ուղերձը իրականում կարդում էր նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը, պարզապես այն վերափոխվել էր Կարապետյանի պատկերով և ձայնով:
«Խաղաղություն առանց ուժեղ պետության՝ կոչվում է հանձնվել: Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով», - նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իր ուղերձում հայտարարում էր Սամվել Կարապետյանը:
Նա պնդում էր, որ ժողովուրդը դժգոհ է իշխանույթյուններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափվել է, քանի որ Հայաստանին արհավիրքներ բերած Փաշինյանի իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, սոցիալական ոլորտը, տնտեսությունը: Ինչպես Կարապետյանը ձևակերպեց՝ «աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ»:
«Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը», - ընդգծում էր միլիարդատեր գործարարը:
Մայր Աթոռը «իրենց ձևով » պաշտպանելու մասին հայտարարությունից հետո շուրջ ութ ամիս կալանավորված և վարչապետի աթոռին հավակնող Սամվել Կարապետյանը հետհաշվարկ սկսեց. ըստ նրա՝ մնացել է 115 օր, որից հետո, իր համոզմամբ, Հայաստանը կունենա նոր սկիզբ. - «Ու վստահ եղեք՝ անպայման հաջողելու ենք: Մեր ձևով դեպի ուժեղ Հայաստան»:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին գործարար Սամվել Կարապետյանի ընտանքի անդամներից բացի, առաջին շարքերում հանգրվանել էին նաև նախկին պաշտոնյաներ: Օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, ում նկատմամբ փողերի լվացման հոդվածով քրեական գործ էր հարուցվել. անցած տարի նա կալանավորվեց, հետագայում պատիժը փոխարինվեց տնային կալանքով, Հարությունյանը անցած ամիս է ազատ արձակվել: ՊԵԿ նախկին նախագահի կողքին էր մեկ այլ նախկին պաշտոնյա՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը: