ԱՄՆ ռեփեր Քանյե Ուեսթը հետաձգում է իր համերգը ֆրանսիական Մարսելում՝ անորոշ ժամանակով։ Նրա ելույթը նախատեսված էր հունիսի 11-ին Orange Velodrome մարզադաշտում։
48-ամյա արտիստն այս մասին գրել է X հարթակում՝ ընդգծելով, որ որոշումը կայացրել է «երկար մտածելուց և քննարկումներից հետո»։
Մարսելի քաղաքապետը մարտին հայտարարել էր, որ ամերիկացի ռեփերի ելույթը «ցանկալի չէ»՝ ընդգծելով՝ չի ցանկանում, որ Մարսելը դառնա ատելություն և նացիզմ քարոզող մարդկանց հարթակ։
Մեծ Բրիտանիան այս ամսվա սկզբին մերժել էր Քանյե Ուեսթի մուտքն Անգլիա՝ կապված նրա նախկին հակասեմիտական հայտարարությունների և նացիզմի փառաբանման հետ։
Ավստրալիան նույնպես արգելել էր նրա մուտքը անցած հուլիսին՝ նրա «Heil Hitler» երգի հրապարակումից և նացիստական խորհրդանիշներով արտադրանք գովազդելուց հետո։
Ավելի վաղ ամերիկյան աստղը Wall Street Journal-ում ներողություն էր հրապարակել՝ իր վարքագծի համար, հրաժարվել Ադոլֆ Հիտլերին ուղղված նախկին գովեստներից՝ նշելով, որ այդ վարքագիծը կապված էր երկբևեռ խանգարման հետ։