Ուկրաինական Կամիշևախա ավանին նոյեմբերի 2-ին ռուսական զորքերի հասցրած հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 53-ի: Այդ մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ հղում անելով Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինին:
Առաջին օրը հաղորդվել էր առնվազն 26 զոհի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում արդեն հինգերորդ օրն է շարունակվում են:
Երեկ առավոտյան, երբ զոհվածների թիվը հասել էր 42-ի, Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդել էր, որ փլատակներում դեռ կարող է գտնվել 33 մարդ:
Ռուսաստանը Կամիշևախային հարվածել է նոյեմբերի 2-ի երեկոյան: Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, առաջին ավիահարվածին հետևել է երկրորդը՝ նետվել է ևս ինը ռումբ: Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարի վկայությամբ՝ դպրոցին և ապաստարանին հարվածը հասցվել է հենց այն պահին, երբ մարդիկ հումանիտար օգնություն էին ստանում:
ФАБ-3000-ը 3 տոննանոց ռումբ է, որը գրեթե մեկուկես տոննա պայթուցիկ նյութ է պարունակում, այդպիսի զենքն օգտագործվում է բետոնե ամրությունների և բունկերների ավերման նպատակով, նշել է Սեմիկինը՝ ընդգծելով, որ հարվածի պահին ստորգետնյա կենտրոնում օգնություն ստանալու եկած սովորական մարդիկ էին: