Ուկրաինայի Կամիշևախա ավանին ռուսական զորքերի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ըստ նրա՝ դեռևս հայտնաբերված չէ շուրջ երեք տասնյակ մարդ, տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Երեկ հաղորդվել էր 26 զոհվածի մասին:
Ռուսաստանը Կամիշևախային հարվածել է նոյեմբերի 2-ի երեկոյան: Ըստ Զելենսկու, առաջին ավիահարվածին հետևել է երկրորդը՝ նետվել է ևս ինը ռումբ: Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Իվան Սեմիկինի վկայությամբ՝ դպրոցին և ապաստարանին հարվածը հասցվել է հենց այն պահին, երբ մարդիկ հումանիտար օգնություն էին ստանում:
ФАБ-3000-ը 3 տոննանոց ռումբ է, որը գրեթե մեկուկես տոննա պայթուցիկ նյութ է պարունակում, այդպիսի զենքն օգտագործվում է բետոնե ամրությունների և բունկերների ավերման նպատակով, նշել է Սեմիկինը՝ ընդգծելով, որ հարվածի պահին ստորգետնյա կենտրոնում օգնություն ստանալու եկած սովորական մարդիկ էին: