Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Ադրբեջանական APA-ն է հաղորդում՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի՝ «X»-ում արված հրապարակմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև դրա զարգացման հեռանկարները։
Ադրբեջանական մամուլը գրում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ համագործակցությանը։
«Առանձնապես ընդգծվել է Ադրբեջանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերը, որը նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև քննարկվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ գործունեության հնարավորությունները»։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ քննարկվել են առևտրային և ներդրումային հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացումը, թվայնացումը, նորարարությունները և արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերը, «մասնավորապես՝ Միջին միջանցքի զարգացումը և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը»։ Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Փոխանակվել են կարծիքներ հետկոնֆլիկտային վերականգնման և վերակառուցման, ականազերծման մարդասիրական գործունեության և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը, ըստ ԱՊԱ-ի, ընդգծել են կայուն խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։