Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանում կալանավորել են Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովին: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Մոսկվայի 235-րդ կայազորային զինվորական դատարանը:

Խափանման միջոցն ընտրվել է երեկ, միջնորդությունը ներկայացրել է ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչությունը:

Դատարանի կայքում հրապարակված չէ, թե ինչ հոդվածով է հարուցված գործը: Baza պարբերականը պնդում է, որ Գրեխովին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: ՌԴ պաշտպանության նախարարության և պաշտպանական կողմի մեկնաբանություններ առայժմ չկան:

Գեներալը 64 տարեկան է, զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից, գեներալ-գնդապետի կոչումը ստացել է 2021-ին, այդ տարի էլ ստանձնել է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալի պաշտոնը: Գրեխովը պատասխանատու էր զորքերը սպառազինությամբ և զինտեխնիկայով համալրելու համար: 2022-ից Եվրամիության պատժամիջոցների տակ է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ:

Վերջին տարիներին ՌԴ ՊՆ բարձրաստիճան շատ զինվորականներ և պաշտոնյաներ են կալանավորվել և դատապարտվել կոռուպցիոն մեղադրանքներով, նշում է Current Time-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման