Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Ռուսլան Ցալիկովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Ինչպես հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը, նախկին փոխնախարարի նկատմամբ նաև 500 միլիոն ռուբլի (շուրջ 6 միլիոն դոլար) տուգանք է նշանակվել, նրան զրկել են բոլոր պետական պարգևներից: Պատիժը կրելուց հետո Ցալիկովը 15 տարի չի կարող պետական ծառայության պաշտոններ զբաղեցնել:
Նախկին փոխնախարարը մեղավոր է ճանաչվել յուրացման, փողերի լվացման և կաշառառության մեջ:
Պետական մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում:
Գործը քննվել է փակ ռեժիմով:
Այս տարվա մարտին Ցալիկովը ձերբակալվել էր և տնային կալանքի տակ էր: Մայիսին դատարանը պետականացրել էր նախկին փոխնախարարի և նրա ընտանիքի անդամների 5,5 միլիարդ ռուբլի ընդհանուր արժողությամբ գույքը և միջոցները: Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ հայցում նշված գույքը «բազմակի անգամ գերազանցում է» Ցալիկովների ընտանիքի պաշտոնական եկամուտները, իսկ 2012 թվականին պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո «նա որոշել է իր լիազորություններն օգտագործել անձնական հարստացման համար»:
Ռուսլան Ցալիկովին համարում էին Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի մերձավորներից, նա փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականից մինչև 2024-ի հունիս, երբ Շոյգուն այլևս նախարար չէր: