Կալանավորված Կանդազի աշխատանքի խոստումը՝ որպես կաշառք. «Ուժեղ Հայաստան»-ը հիշեցնում է Փաշինյանի խոստումները

«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյան, արխիվ

Տերյան 69. Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը հեռախոսազրույցում այս հասցեն է նշում: Այստեղ է գործում Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը:

Իրավապահները պնդում են, որ Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության: Հակակոռուպցիոնում համարում են, որ սա ընտրակաշառք է, դատարանն էլ այսօր երկու ամսով կալանավորեց նախկին զինվորականին:

«Ի՞նչն էր բովանդակային հատվածը ընտրակաշառքի վերաբերյալ. այդ հարցադրումը դատական նիստի ընթացքում ուղիղ ներկայացրել ենք: Ինչի՞ համար. ընտրակաշառքը պետք է ունենա շրջանակ, պետք է ունենա առարկա, պետք է ունենա դրա նկատմամբ իրականացվող գործողություն: Պայմանականորեն՝ երկու անձինք, որոնք ընկերներ են, իրենք իրար ընտրակաշառքի հարաբերության մեջ կարո՞ղ են ողջամտորեն մտնել, թե՞ ոչ, ի դեպ՝ ընկերներ, որոնք նույն քաղաքական հայացքը ունեն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանն այսօր պատմեց, որ Արթուր Ավանեսյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանը հաշվի չառավ այլ խափանման միջոցներ կիրառելու իրենց միջնորդությունը: «Բոլոր հնարավոր այլ խափանման միջոցները առաջարկել էինք», - ասաց փաստաբանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, սակայն, դատարանում պնդել է՝ ազատության մեջ Արթուր Ավանեսյանը կխոչընդոտի գործի քննությանը, կփորձի թաքնվել կամ էլ ազդել գործով անցնող անձանց վրա: Վարդևանյանը դատարանում հակադարձել է՝ եթե այդպես լիներ, ապա Ավանեսյանին կկալանավորեին այն ժամանակ, երբ արվել էին այդ գաղտնալսումները:

«Ապրիլին նախորդած ժամանակահատվածում արդեն ինտենսիվ գործողություններ կատարել են, տվյալներ փաստորեն չեն հայտնաբերել, հակառակ դեպքում հենց անմիջապես, պայմանականորեն՝ մարտ ամսին, լինելու էին ձերբակալումներ կամ կալանավորումներ, այդ ամենը չկա», - ընդգծեց փաստաբանը:

Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսումներում քաղաքացին Արթուր Ավանեսյանին հարցնում է՝ իրեն պաշտոն կտա՞ բանակում: Նա էլ դրական պատասխան է տալիս: Վարդևանյանը պնդում է՝ սա երկու գաղափարակից ընկերների միջև խոսակցություն է, ոչ թե Քրեական օրենսգրքի խախտում: Հանցանք կդիտարկվեր, եթե մի կողմը փորձեր ազդել մյուսի կամքի վրա:

«Շատ բաներ իրենք իրար կարող են խոստանալ, կարող են պատկերացնել, կարող են հավատալ, բայց դա ինչո՞վ է դառնում ընտրակաշառք: Ընտրակաշառքի առաջնային բաղադրիչը ընտրողի կամքին միջամտությունն է շահագրգռելու միջոցով՝ դա կարող է լինել գումար, կարող է լինել այլ միջոց, բայց պետք է կամքին միջամտություն անես», - նշեց փաստաբանը:

Ընդդիմադիր ուժի ներկայացուցչի կարծիքով՝ իրենք նախընտրական տարբեր խոստումների մասին են հայտարարում, ինչը հանցագործություն չէ, այլ՝ քարոզարշավին բնորոշ հայտարարություններ:

«Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններում: Հարգելիս, համայնքի ղեկավարը ասում է՝ էս պահին 50 հոգու բանվորի ազատ տեղ ունի». - այս հրահանգը վարչապետը տվել էր մարտի 7-ին Արագածոտնի մարզպետին: Նման օրինակներ էլի կան, ասում է Արամ Վարդևանյանն ու հարցնում՝ ինչո՞ւ իրավապահները վարույթ չեն հարուցել արդեն երկու ամիս քաղաքներում ու գյուղերում շրջող վարչապետի այս խոստումից հետո: Իրավապահ կառույցներից ճշտել ենք՝ իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների դրվագներով վարույթներ իրավապահները չունեն:

«Դա ընտրակաշա՞ռք է: Հիմա, եթե այս դեպքում ընտրակաշառք է, բա էդ դեպքո՞ւմ ինչ են անում», - ընդգծեց Վարդևանյանը:

Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության մեջ խոսք կա նաև անձնագրերը պատրաստելու, Տերյան 69 այցելելու մասին: Ընդամենը կուսակցությանն անդամագրվելու մասին է, վստահեցնում է փաստաբանը:

Այս գործով կա ևս երեք մեղադրյալ: Փաստաբան Ռոման Երիցյանի տվյալներով՝ դատարանը տնային կալանքի է տարել նրանցից արցախցի Գեղամ Զաքարյանին:

«Ստացվում է, որ Գեղամ Զաքարյանը ընդունել է մոտ 30-35 միլիոն ՀՀ դրամի կաշառքի խոստում է տվել, կաշառք ստանալու համաձայնություն է տվել, որպեսզի ընդամենը հինգ հոգու ձայն տա «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին, որից, էդ հինգ հոգուց չորսը անգամ ընտրելու իրավունք չունեն», - նշեց Երիցյանը:

Ըստ փաստաբանի՝ Զաքարյանը տան միակ կերակողն է, բայց տնային կալանքի դեպքում չի կարող աշխատել: Ըստ քննչական մարմնի՝ Գեղամ Զաքարյանն ընտրակաշառքի դիմաց խոստացել է ընտանյոք ընտրել «Ուժեղ Հայաստան»-ին: Նրան վերաբերող ձայնագրությունն այսքանն է. Զաքարյանը խոսում է աշխատանք գտնելու մասին, Ավանեսյանն էլ՝ պատասխանում. - «Չարչարվեցիք ընտրեցիք՝ համ գործն ա լնըմ, համ հողն ա լնըմ, համ տոնն ա լնըմ»:

Այս գործով անցնող մուս երկու մեղադրյալների մասին տեղեկություններ հայտնի չեն, Հակակոռուպցիոնը մանրամասներ դատական որոշումներից չի հայտնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրակաշառքի մեղադրանքներ, 10-հազարական դրամներ և խուզարկություններ. «Ուժեղ Հայաստան»-ից հերքում են մեղադրանքներըՁերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր ԱվանեսյանըՆոր քրեական գործ՝ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող«Բարեգործության արգելքի խախտում՝ առանց հանցակազմի». դիտորդներն ընդդեմ վարչապետի տիկնոջՈստիկանություն տարված, ապա ազատ արձակված Գյուլագարակի ավագանու անդամը պնդում է՝ հավաքին մասնակցել չեն պարտադրելԳյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները«Մեղադրանքները փոշիացել են». «Ուժեղ Հայաստան»-ի 17 ձերբակալվածներից միայն 3-ն է տնային կալանքի տակ, մյուսներն ազատության մեջ են