Վարչապետի հետ թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Օսիպյանը մարտի 22-ին Ֆեյսբուքի իր էջում վարչապետի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին Օսիպյանը, իմանալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին, գնացել և խոչընդոտել քարոզչության ընթացքը։
Ըստ հաղորդագրության՝ նա տեղում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, չի ենթարկվել հավաքվածների հորդորներին և խախտել հասարակական կարգը։
Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել երեք հոդվածով՝ վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելիԱրաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև թեժ բանավեճ էր սկսվել, Օսիպյանը հարց էր տվել Ղարաբաղի թեմայով, վարչապետն արձագանքել էր վիրավորանքներով ու բղավոցներով: Ժամեր անց ոստիկանությունը Օսիպյանին ձերբակալել էր:
Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ՝ խստորեն դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան ու դադարեցնել քրեական հետապնդումը: