Կալանավայր չհասած՝ 18-ամյա Դավիթ Մինասյանը վատացել է

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով այսօր երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանը տեղեկացնում է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած Մինասյանը գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց:

Քրեակատարողական հիմնարկից հաստատեցին, որ Դավիթ Մինասյանը բանտ դեռ չի տեղափոխվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց

Դատարանն այսօր բավարարեց Դավիթ Մինասյանին կալանավորելու քննչականի միջնորդությունը:

Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ

Այս գործով Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանը երեկ Քննչականից ազատ արձակվեց: Խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվեc գրավ՝ 5 միլիոն դրամի չափով:

Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Սուրբ Աննայի միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ:

Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում: Փաստաբանը պնդում է՝ վարչապետին ուղղված հարված չի եղել այն, ինչի համար ՔԿ-ն մեղադրում է Դավիթին: