Քաղբանտարկյալների հարցով լսումներ խորհրդարանում՝ առանց իշխանության մասնակցության

Խորհրդարանում, առանց իշխանության մասնակցության, ընդդիմությունն այսօր մի քանի ժամ շարունակ լսումներ անցկացրեց՝ Հայաստանում քաղբանտարկյալների հարցով:

Մինչ ելույթները զեկույց ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը: Ամբիոնից պնդեց՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց կա, և բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ենթարկվում են հետապնդումների իրենց քաղաքական հայացքների համար:

«Հենց այս ամբիոնից են հնչել ընդդիմադիրներին ԿԳԲ-ի պադվալները լցնելու, պարանով կախելու ու տասնյակ այլ հրահանգներ ու նպատակադրումներ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հղում էր անում միջազգային կառույցներին, որոնց գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ, հիբրիդային երկիր։

Այս նույն պնդումը Լիլիթ Գալստյանը հնչեցրել էր նաև անցած շաբաթ՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր «Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղհալածյալների» հարցով հայտարարության նախագիծը, որը հեղինակել է «Հայաստան» խմբակցություն: ՔՊ-ականները մերժել էին այն՝ պնդելով, որ երկրում որևէ մեկը կարծիքի համար չի հետապնդվում: Միևնույն ժամանակ, իշխանական պատգամավոր Արման Եղոյանն ընդունել էր, որ 2024-ին՝ 2022-ի համեմատ, ժողովրդավարության առումով մի աննշան հետընթաց արձանագրվել է:

«Մեր իսկ ունեցած հաջողությունից ենք մենք հետընթաց ունեցել, եթե ձեր տարիների հետ նայենք, համեմատելու չէ, սար ու ձոր է, օրինակ, ընտրական գործընթացներ. ձեր իշխանության տարիներին 2007 և 2016 թվականներ, երկու տարին էլ նույն ինդեքսն է՝ 4,33: Մեր ժամանակ դա հասել է աննախադեպ՝ 7,92-ի», - ասել է Եղոյանը:

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօրվա լսումներին ներկա չէր: Խմբակցության քարտուղարն «Ազատությանը» փոխանցեց՝ չեն մասնակցում, որովհետև կարծում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Մինչդեռ խորհրդարանական այսօրվա լսումների մասնակիցներն անուններ էին հնչում՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան ու ոչ միայն: Մասնակիցների մի մասն էլ կենտրոնացավ ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու խնդրի վրա՝ տեղի ունեցածի համար մեղադրելով իշխանությանը:

«Արսենը մահացավ մի վայրում, որտեղ պետությունը պարտավոր էր երաշխավորեր նրա անվտանգությունը ու պատասխանատվություն էր կրում Արսենի մահվան համար: Արսենը մի վայրում մահացավ, որտեղ ի սկզբանե չպետք է գտնվեր», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը:

Դեպքից հետո թե՛ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, թե՛ նրա ենթակա պաշտոնյաները պնդում էին, որ Գևորգյանին պատշաճ բուժօգնություն տրամադրվել է, և թերացումներ չեն եղել: Նախարարն անգամ հուզվել էր՝ ասելով, որ իրեն ու իր անչափահաս երեխային են թիրախավորում:

Այսօր խորհրդարանի ամբիոնից նրան արձագանքեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «18 թվականին այն, ինչ որ դուք եք արել իմ հանդեպ, իմ երեխային SMS ուղարկելով, որ՝ «մայրդ մահացել է, դագաղը տարեք Հերացու մորգից վերցրեք», հիմա Դուք, տիկին Գալյան, չունեք ապրումակցում: Դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որ ողջ մարդկանց դռներին դագաղներ է դրել»:

Իշխանության քաղաքականությունն ամբիոնից քննադատեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը: Արամ Մանուկյանը արդյունավետ պայքարի համար կարևորեց ընդդիմության համախմբումը:

«Պատկերացրեք ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում եթերում, ես Գեղամ Մանուկյանին եմ գովերգում: Հայաստանում կան քաղաքական երկու լուրջ հակադիր ուժեր, սկզբունքային, անընդունելի, երբեք չեմ ընդունելի Դաշնակցության գաղափարները, երբեք իրենք մեզ չեն ընդունելու, բայց պատկերացրեք վիճակն ինչպիսին է, որ ՀՀՇ-ն, Կոնգրեսը, Դաշնակցությունը և մնացածները իրար ձեռք են բռնում», - նշեց Մանուկյանը:

Մոտ վեց ժամ տևած լսումներից հետո ներկայացվեց հայտարարության նախագիծ, որը կքննարկվի լիագումար նիստում: Դատելով իշխանության հայտարարություններից՝ ՔՊ-ն կմերժի այն: