Քաղաքացու խոշտանգման համար մեղադրվող ոստիկանը՝ տնային կալանքում․ կպատժվի՞ արդյոք նրա վերադասը

Արխիվային լուսանկար

Քաղաքացուն ոստիկանության բաժանմունքում ապտակելու, սպառնալու և հայհոյելու համար ոստիկան Հայկ Հակոբյանը երեկ ձերբակալվեց: Խոշտանգման հոդվածով մեղադրվող ոստիկանը բանտ չի գնա, դատարանի որոշմամբ՝ տնային երկամսյա կալանքում կմնա:

Բռնության կադրերը փետրվարի 3-ին հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Դրանք շուրջ չորս ամսվա վաղեմության են: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ իրավապահները ձերբակալման հարցում դանդաղել են:

«Պետք է անմիջապես ձերբակալվեր, որպեսզի չհասցներ վկաների վրա որևիցե ազդեցություն գործել: Երբ որ դեպքը հրապարակվել էր, բայց ինքը ազատության մեջ էր, չեմ բացառում, որ ինքը կարողացել է վկաների վրա ազդեցություն գործել, ծառայակիցներին համոզել, թե ով ինչ ասի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Իոաննիսյանը:

Տեսանյութը հրապարակած լրագրողի տեղեկություններով՝ ոստիկանը բռնություն է կիրառել ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Տեսանյութի հրապարակումից րոպեներ անց Ներքին գործերի նախարարությունից հայտարարեցին՝ օպերլիազորի լիազորությունները կասեցվել են: «Ազատություն»-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք քրեական գործ հարուցվել է նաև այդ ոստիկանի վերադասի և նույն սենյակում գտնվող մյուս ոստիկանների նկատմամբ: Այս հարցին կոմիտեից չեն պատասխանել:

Խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանի անմիջական վերադասներից երկուսի անուններն էր իր ֆեսյբուքյան էջում նշել Սյուզի Բադոյանը՝ Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյան և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյան: Ըստ լրագրողի՝ դեպքը տեղի է ունեցել նրանց թողտվությամբ: Այդպես է, թե ոչ՝ կպարզվի քննությամբ:

«Այդ սենյակում գտնվողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ ոստիկանի անմիջական վերադասն՝ աշխատանքից ազատվի», - շարունակում է պնդել իրավապաշտպանը, - «Վերադասը՝ որովհետև պատշաճ վերահսկողություն չի իրականացրել իր ենթակաների նկատմամբ, իսկ էդ սենյակում գտնող բոլորը՝ որովհետև հոկտեմբեր ամսից էդ դեպքը եղել է, հոկտեմբեր ամսից իրենցից ոչ մեկ էդ դեպքի մասին չի զեկուցել, հանցագործության մասին հաղորդում չի տրվել: Քրեական ոստիկանը, որը տեսնում է հանցագործություն և դրա մասին լռում է, ոստիկանությունում անելիք չունի»:

Ներքին գործերի նախարարությունից օպերլիազորի վերադասին աշխատանքից ազատելու հարցը չեն մեկնաբանում: Պարզ չէ նաև, թե ով է նկարահանել բռնության կադրերը, և ինչու են նա ու սենյակում գտնվող մյուսները չորս ամիս լռել:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանին տարածված տեսանյութը չի զարմացրել: Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված շատ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ է նա զբաղվել: Ասում է՝ բաժանմունքներում այսպիսի դեպքերը կնվազեն, եթե ոստիկանական սենյակներում էլ Քննչականի նման տեսախցիկներ տեղադրվեն, թեև «այս տեսախցիկներ տեղադրելն էլ լուծում չի, որովհետև շատ դեպքերում կարող են ասել՝ չի ձայնագրվել»:

«Պետք է հանրային վերահսկողություն լինի: Պատկերացրեք՝ եթե չլիներ տեսանյութ, որևէ մեկին տնային կալանքի չէին տանի: Որ խոշտանգումները կան, փաստ է: Եթե անպատժելիություն չլիներ, եթե մի կամ երկու հոգի դատապարտվեին ոստիկաններից, այդտեղ այս վիճակը չէր լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Եթե դատարանը խոշտանգման հոդվածով ոստիկանին մեղավոր ճանաչի, նա կպատժվի 4-ից մինչև 8 տարվա ազատազրկմամբ: Արա Ղարագյոզյանն ասում է՝ այն, որ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանը ձերբակալվել է, դեռ չի նշանակում, որ գործն արագ կքննվի: Փաստաբանի տարիների փորձը ցույց է տվել, որ ոստիկանների մասնակցությամբ գործերի քննությունները չափազանց երկար են տևում, հաճախ մինչև 8 տարի:

«Հիմնականում էդ ամեն ինչի մեղավոր համարում եմ այն քննիչներին և դատավորներին, ովքեր որ արագորեն գնահատական չեն տալիս արարքին: Ես օրինակ դեպք ունեմ՝ Իջևանի ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումը, որից անցել է 8 տարի, երկու անգամ ենթադրյալ խոշտանգում իրականացնող անձն արդարացվեց, հիմա գործը կրկին անգամ Վերաքննիչ դատարանում է: Այսինքն՝ 8 տարի տուժողները պատրաստ չեն պայքարելու էն իրավունքի համար, որը պետք է պետությունը արագորեն քններ և լուծում տար», - շեշտեց Ղարագյոզյանը:

13 հասարակական կազմակերպություններ երեկ տարածած հայտարարությամբ մտահոգություն էին հայտնել, որ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Քննչական կոմիտեն հրապարակավ որևէ տեղեկություն չի տրամադրել հանրությանը՝ հատկապես վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, իսկ դրա հապաղումն, ըստ ՀԿ-ների, կարող է ազդել արդյունավետ քննության և ապացույցներ հավաքելու վրա։

ՀԿ-ները մտահոգիչ են համարել նաև այն, որ ոստիկանական բաժանմունքներում նման վերաբերմունքը բացահայտվում է բացառապես տեսանյութերի արտահոսքից հետո, ոչ թե ՆԳՆ վերահսկողության արդյունքում:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ իրենց կարգապահական հանձնաժողովն անցած տարի 43 ծառայողի ենթարկել է կարգապահական պատասխանատվության, նրանցից 30-ն ազատվել է աշխատանքից, սակայն չի նշվում՝ ինչ խախտումների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ կկիրառվի տնային երկամսյա կալանքՔրեական վարույթ ոստիկանական բռնության փաստով. ոստիկանը ձերբակալվեց «Պետք է պատժվի ոչ միայն ոստիկանը, այլև վերադասը». ոստիկանական բռնության հերթական փաստն է հրապարակվել Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնում է ոչ միանշանակ. HRW զեկույցըՏուժողն ու փաստաբանը մտավախություն ունեն, որ ոստիկանական բռնության գործը կարող է կարճվելՈստիկանական բռնության գործը քննվում է 8 ամսից ավելի, իսկ տուժողը մեկ այլ գործով 2-3 օրում բանտում է հայտնվել