Ծառուկյանի շուրջ «նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում, «Ազատությանը» հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Հենց այդ կոնսոլիդացիայի շրջանակում էլ Սուրենյանցը Ծառուկյանի հետ կմասնակցի չորս ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Դաշինքո՞վ, թե՞ կուսակցությունով. նախընտրական ձևաչափն, ըստ
քաղաքական գործչի, կորոշվի առաջիկայում: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, դաշինքների համար՝ 8-10 տոկոս՝ կախված կուսակցությունների քանակից:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 2-ը փետրվարի, 2026թ.

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ 3-4 կոնսոլիդացիոն կենտրոն կա ընդդիմության դաշտում, այո, մեր համար ամենաարժանահավատը այդ կոնսոլիդացիոն կենտրոններից այն առանցքն է, որ ձևավորվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ: Եվ հետևաբար՝ ես վստահաբար այդ կոնսոլիդացիոն կենտրոնով ենք մասնակցելու ընտրություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրենյանցը՝ հավելելով. - «Ինչպիսի՞ ձևաչափ կորոշվի մասնակցության՝ դա քննարկելու հարց է, առաջին հերթին պարոն Ծառուկյանը կորոշի ձևաչափը»:

«Ազատություն». - Ծառուկյանը կառաջնորդի, ամեն դեպքում, ճի՞շտ է, այդ ուժը՝ լինի դաշինք թե կուսակցություն:

Սուրենյանց. - Դա ինձ թվում է անկասկած է, որովհետև նույնիսկ Gallup-ի հարցումները ցույց են տվել վերջին, որ ինքը քաղաքական դաշտում ամենակոնսոլիդացնող գործիչն է: Եվ ես կարծում եմ՝ այս քաղաքական կոնսոլիդացիայի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է:

«Ազատություն». - Եվ հետևաբար նա էլ կլինի՞ վարչապետի թեկնածուն:

Սուրենյանց. - Եկեք նման բաներից ձեռնպահ մնամ, ասում եմ՝ կոնսոլիդացիոն կենտրոնի առաջնորդը Գագիկ Ծառուկյանը կլինի:

Թե էլ որ ուժերը և քաղաքական գործիչները կմիանան Ծառուկյանին, Սուրենյանցը հրաժարվեց ասել: ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ առանց անուններ տալու այսօր « Ազատությանը» փոխանցեց, որ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ քննարկումներ են ընթանում: Ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ էլ դեռ քննարկում չեն ունեցել: Այս պահին մշակում են «Առաջարկ Հայաստանին ծրագիրը»:

Դեռ անցած տարվա սեպտեմբերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. - «Ես, ասեմ, մասնակցելու եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով»: Այդ ծրագրի շրջանակում էլ Ծառուկյանը տարբեր ոլորտներին առնչվող առաջարկներ է հավաքագրում, ներառյալ՝ «ներքին համերաշխության, իրական խաղաղության, խեղճության մերժման, արդար բարքերի, ընդունակների իշխանություն ձևավորելու» հարցերի շուրջ: Ենթադրվում է, որ հենց այս ծրագիրն էլ կդառնա Ծառուկյանի առաջնորդած ուժի նախընտրական ծրագիրը:

«Էսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրը էս վիճակից հանի, անպայման պետք է լինի համախմբում», - ասել էր ԲՀԿ առաջնորդը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարն ասում է, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի ֆավորիտներն արդեն իսկ ուրվագծվում են՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող քաղաքական կոնսոլիդացիան, գործարար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով»-ը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը:

«Միանշանակ պնդում եմ ՝ խորհրդարանում կհայտնվենք»

Արդեն իսկ ձևավորվող այս ուժերի ֆոնին Սուրենյանցը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ կազմավորվող ուժի շանսերը՝ հաշվի առնելով այն թեզերը, որ կան իրենց ծրագրում, մասնավորապես՝ մերիտոկրատիկ կառավարման, հասարակական համերաշխության, պոզիտիվ օրակարգեր ձևավորելու շուրջ:

«Իմ կարծիքով՝ Ծառուկյանի շուրջ առկա կոնսոլիդացիոն կենտրոնը ունի բավականին բարձր հանրային վստահություն, իսկ թե որ տեղում կլինի, դա էլեկտորալ ինչպիսի դրսևորում կստանա, չճիշտն ասած, գուշակություններ չեմ ուզում անել», - ասաց «Դեմոկրատական այլընտրանք»-ի ղեկավարը՝ շարունակելով. - «Միանշանակ կարող եմ պնդել, որ խորհրդարանում կհայտնվենք, միանգամայն հաղթահարելի է այդ բարիերը, և մենք ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարներից մեկը կլինենք, դրանում համոզված եմ»:

«Եթե տոտալ կեղծիքներ չլինեն, ՔՊ-ի վերարտադրվելու շանսերը զրոյական են»

Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագրին», ապա քաղաքական գործիչը պնդում է, թե վարչապետ Փաշինյանի առաջնորդած ուժը 50+1 տոկոս ձայն հավաքելու շանսեր չունի, և ընդդիմադիր ձայների համախումբը շատ ավելի մեծ է:

«Ազատություն». - ՔՊ -ի վերարտադրվելու շանսերը ցա՞ծր եք գնահատում:

Սուրենյանց. - Եթե տոտալ կեղծիքներ չլինի, շանսը զրոյական եմ նույնիսկ համարում, էդպիսի շանս կարող է լինել միայն տոտալ կեղծիքների պարագայում:

«Ազատություն». - Կդիմե՞ն (կեղծիքների), ի՞նչ եք կարծում:

Սուրենյանց. - Բոլոր նշանները ցույց են տալիս, որ հեղափոխության էդ վերջին նվաճումից էլ իրենք շատ հեշտությամբ կձերբազատվեն, որովհետև, տեսեք՝ ռեպրեսիաներ, Ընտրական օրենսգրքի կամայական փոփոխություններ, ժեստեր են արվում բյուրոկրատիայի իշխանության նկատմամբ՝ էդ կլորիկ պարգևավճարները նկատի ունեմ, իսկ եթե իշխանությունը հասարակության փոխարեն ժեստեր է անում բյուրոկրատիային, էն էլ՝ ընտրական տարում, դա արդեն ցույց է տալիս՝ ինքը ինչպիսի բովանդակությամբ ընտրություններ է պատկերացնում: Էդպիսի բաներ մենք 2000-ականներին շատ շատ ենք տեսել: Դա տալիս են, որպեսզի վարչական ռեսուրսը առավելագույնս կոնսոլիդացվի: Եթե սա համակցում ենք ռեպրեսիաների, Ընտրական օրենսգրքում ֆիլտրումների համակարգ ներդնելու էս ընդհանուր ջանքերի հետ, պատկերը դառնում է ակնհայտ:

Այն, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններն այլևս չեն կեղծվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է հայտարարում, միաժամանակ հիշեցնելով ընդդիմադիրներին նրանց իշխանության տարիներին տեղի ունեցող ընտրակեղծիքների մասին:

«Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված է», - ասել է վարչապետը:

«Քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում», - ընդգծել է Փաշինյանը:

ՔՊ-ում վստահ են, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ևս հաղթելու են՝ այս անգամ նախորդից ավելի շատ ձայն հավաքելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին դաշինքով կմասնակցի. ով կլինի վարչապետի թեկնածունԸնդդիմությունը մեկ միասնական բևեռ կձևավորի՞. կարծիքներԱրտոնություն վայելող Հայաստանի հարուստները, գնաճն ու կոռուպցիան՝ 2025-ինՆոր մեղադրանք՝ Գագիկ ԾառուկյանինԿարապետյանը՝ «Մեր ձևով», Ծառուկյանը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. ո՞վ ո՞ւմ հետ է քննարկումներ սկսել «Գագիկ Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին». Սուրեն Սուրենյանց